Աշխարհում ամեն ինչ ուշադրության կարիք ունի: Եվ ամուսնությունը բացառություն չէ: Այլապես այն կկործանվի, ինչպես այն ամենը, ինչ մատնվում է անուշադրության: Մի մտածեք, որ եթե միմյանց սիրում եք, ուրեմն դա բավարար է: Ամուսնությունը մեծ պատասխանատվություն է: Դա հարաբերություն է կենցաղի ֆոնի վրա, դա ներելու և զոհաբերության գնալու կարողություն է, և վերջապես ամուսնությունը ենթադրում է մոռանալ սեփական եսասիրությունն ու ապրել հանուն ուրիշի:
Ահա այն հիմնական նշանները, որոնք կստիպեն ձեզ զգոն լինել և պահպանել ամուսնությունը:
1. Վեճերի ժամանակ դուք երկուսդ էլ «կծում եք» միմյանց, փորձում եք վիրավորել դիմացինին, այլ ոչ խնդրին լուծում տալ: Արդյունքում ամեն մեկը մնում է իր կարծիքին, իսկ չլուծված խնդիրը մնում է օդում:
2. Եթե ձեր վեճերում կամ սովորական խոսակցություններում չկա միմյանց հանդեպ հարգանք, դուք անընդհատ քննադատում եք միմյանց, ապա դա լավ բանի չի հանգեցնի. դրանով դուք խզում եք ձեր և սիրելիի միջև հոգևոր-հոգեբանական կապը:
3. Առաջին իսկ հնարավորության դեպքում դուք երկուսդ էլ պատրաստ եք միմյանց վրա թափել կուտակված նեգատիվը և մեղադրել միմյանց բոլոր մեղքերում: Անգամ փոքրիկ թյուրիմացությունը վերածվում է մեծ սկանդալի:
4. Ձեր և սիրելիի ֆիզիկական վիճակը վատանում է վեճերի ժամանակ. բարձրանում է ճնշումը, հաճախանում է սրտի աշխատանքը, գլխացավ է սկսում: Այս ամենը խոսում է նեգատիվի հսկայական «պաշարի» մասին, որ կուտակվել է ձեր օրգանիզմում:
5. Դուք բարիշում եք ըստ իրավիճակի, բայց չեք լուծում խնդիրը: Չպարզաբանված խնդիրները հանգեցնում են նոր վեճերի, որոնք փչացնում են ամուսնական հարաբերությունները:
6. Դուք անընդհատ հիշում եք ձեր հարաբերությունների պրոբլեմատիկ կողմերը, և դրանք ձեզ հանգիստ չեն տալիս: Եթե վիրավորանքը կամ բացասական հիշողություններն անընդհատ ձեր մտքին են, ապա ավելի լավ է խոսել ամուսնու/կնոջ հետ. դրանք վաղ թե ուշ կհանգեցնեն կոնֆլիկտի:



