1in.am-ը գրում է.

«Վրաստանի հայրենասերների դաշինք» քաղաքական շարժումը, «Դիմակայության շարժումն» ու «Օբյեկտիվ» մեդիա միությունը կիրակի Թբիլիսիում՝ Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ, անցնացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի և Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլիի հրաժարականը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, երկրում արդարությունը ոչ միայն չի վերականգնվել, այլև ոչ մի իրական քայլ չի արվել այդ ուղղությամբ: Նրանց խոսքով՝ դատական համակարգը զբաղված է միայն նախկին իշխանությունների հանցավոր գործունեությունը «սպիտակեցնելով»:

Գլխավոր դատախազին և Գերագույն դատարանի նախագահին կիրակի «կարմիր քարտ» են ցույց տվել նաև Բաթումում՝ Աջարիայի դատախազության շենքի մոտ անցկացված ակցիայի ժամանակ: Ակցիային քաղաքական կուսակցություններից ու շարժումներից բացի մասնակցել են նախկին քաղբանտարկյալներն ու աբխազ փախստականները:

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից մեկը՝ Ադա Մարշանիան, հայտնել է, որ Կբիլաշվիլին ու Կուբլաշվիլին դուետով են հանդես գալիս: Հանցավոր ռեժիմի հետ գոյակցությունը հանցավոր գործընթաց է, որին պետք է վերջ տալ, ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել