28 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ին, հաջողությամբ ավարտվեց Քարվաճառի օպերացիան։ Քարվաճառը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկն ամբողջությամբ անցավ մեր վերահսկողության տակ, իսկ 3 օր անց՝ ապրիլի 5-ին, եռագույնը ծածանվեց աննվաճ թվացող Օմարի բարձունքում: Հնգօրյա ազատագրական մարտերի արդյունքում ստեղծվեց շուրջ 300 կմ սահմաններով անվտանգային գոտի, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող Մարտակերտ-Վարդենիս երկրորդ ճանապարհը:
2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրողներից մեկի՝ Մոնթեի ծննդյան օրը, փակվեցին հայոց միջնաբերդի դարպասները։ Առանց մի կրակոցի հայ դավաճանն այն հանձնեց թուրքին։ Օմարը պատերազմի 44 օրվա ընթացքում այդպես էլ անառիկ մնաց թշնամու համար...
Հետաքրքական է, որ 1993-ին՝ Օմարի անկումից ընդամենը մեկ ամիս անց, Գյանջայի դեսանտային զորամիավորման հրամանատար, գնդապետ Սուրյաթ Հուսեյնովը, իր զորքի գլուխն անցած, մտավ Բաքու և տապալեց Աբուլֆազ Էլչիբեի իշխանությունը՝ Քարվաճառում կրած պարտության մեղքը նրա վրա գցելով։
Իսկ մեր իրականությունում Քարվաճառը ստորագրությամբ հանձնած դավաճանի կուսակիցն ասում է, որ Քարվաճառը երբեք էլ մերը չի եղել, իսկ ՀՀ զինված ուժերում այն հանձնողին հոտնկայս են դիմավորում ու պատվի առնում այն գեներալները, որոնց ընկերները սեփական կյանքն են տվել Քարվաճառի ազատագրման համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել