Antifake.am-ը գրում է.
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մարտի 22-ի դրությամբ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, հայտնել են առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ հարցման պատասխանում նշված ամսաթվից ընդամենը երկու օր առաջ՝ մարտի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունենք»։ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ «այսօրվա դրությամբ ունենք 189 ընտանիք, որոնք ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են փորձաքննության»։
Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարվել են ՀՀ զինվորական դատախազության տվյալները, համաձայն որի` միայն 2020 թվականին նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ տվյալների համաձայն՝ զինադադարից հետո Արցախում հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն։
Սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակվել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 2585 անուն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մինչև 5000 զոհի մասին։