Ինչպես հայտնի է երկար ժամանակ քաղաքները բաժանվում էին ըստ թաղերի։ Ներկա իմաստով փողոցներ չկային։ Փողոցներին անուններ տալը, տախտակի կամ թիթեղի վրա գրելը ու պատերին փակցնելը, ինչպես նաև տների համարակալումը ավելի ուշ ժամանակի գործ է։ Ի դեպ, տասնութերորդ դարում առաջին անգամ Լոնդոնում մտցվեց տների համարակալումը, որպեսզի հեշտացվեր նամակների առաքումը։ Բայց այդ բանը չխանգարեց, որ ամեն մի քաղաք ունենա իր «միկրոաշխարհագրությունը», այսինքն՝ թաղերի բաժանումը, որոնց անունների առաջացման պատմությունը իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այս դեպքում արդեն ընդունված է տոպոնիմիկա բառի սկզբին ավելացնել «միկրո» (փոքր, մանր) մասնիկը՝ միկրոտոպոնիմիկա: Երևան քաղաքի միկրոտոպոնիմիկան արտացոլում է քաղաքի բազմադարյան պատմությունը, նրա հեռավոր ու մոտ անցյալը։ Չէ՞ որ այդ անուններն ունեն իրենց տարբեր հասակն ու ծագումը։ Նրանք պատմում են քաղաքի աճի ու զարգացման մասին, դրանց մեջ ապրում է անցյալի հիշատակը, որոնք իրենց հերթին քաղաքի տարեգրությունն են հանդիսանում։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։ Այդ նույն ժամանակ Երևանը ուներ տասներկու հազար բնակչություն, որի կեսից ավելին հայեր էին։ Այդ ժամանակ Երևանում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին հետևյալ կերպ՝ 792–ը գտնվում էր Բուն քաղաքում կամ Շահարում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում կամ Դամըռ–Բուլաղում։

Երևանը ուներ տնտեսական շատ նպաստավոր պայմաններ, որի հետևանքով այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին, որը կոչվում էր Խան–յոլի։ Այդ ուղին Երևանը դարձնում էր առևտրական մեծ կենտրոն։ Քաղաքում կային թվով ութ խոշոր իջևաններ՝ քարվանսարաներ։ Առավել նշանավորներն էին Գյուրջի և Զառաբի խան քարվանսարաները։ Գյուրջի է կոչվել, որովհետև այդտեղ են իջևանել Թիֆլիզի (Թբիլիսի) ճանապարհով եկող քարավանները։ Այդ իջևանի շենքերը պահպանվում էին մինչև վերջերս։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել