1in.am-ը գրում է.

Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուսման վարձերի բարձրացման հարցը իրենք քննարկել են տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի հետ: 

Նա նշեց, որ իրենք հիմա մշակում են սոցիալական փաթեթ, ըստ որի սոցիալական խնդիրներ, ինչպես նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերը կզեղչվեն. «Մենք մտավախություն ունենք, որ շատ ուսանողներ չեն ներկայացնի իրենց սոցիալական վիճակը, դրա համար հորդորել ենք ուսխորհուրդներին՝ ուսանողների սոցիալական վիճակը ճշտել ոչ միայն իրենցից, այլև իրենց ընկերներից»:

Հ. Մարգարյանը նաև խոսեց սպասվող դասադուլի մասին՝ շեշտելով, որ դասադուլը հարցի լուծման լավագույն տարբերակը չէ. «Երիտասարդ ակտիվիստներն ասում են, որ դասադուլ են անելու, ես այժմվանից հորդորում եմ մեր իշխանություններին լուծել հարցը, որպեսզի սեպտեմբերին դասադուլներ չսկսվեն: Մենք հարցը կպահենք ակտուալ այնքան ժամանակ, մինչև հարցին արդարացի լուծում տրվի, որովհետև այս խնդիրը բոլորինս է և պետք է միահամուռ ուժերով հարցին լուծում տանք»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ենթահանձնաժողովի անդամներից Արման Ղազարյանն էլ հավելեց, որ այժմ վարձերի բարձրացումը հիմնավորում են դասախոսների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությամբ, սակայն եթե բարձրացված վարձերը ճիշտ չտնօրինվեն, մի քանի հոգի պարզապես կօգտվեն դրանից. «Եթե չներկայացվի որևէ հստակ սխեմա, շատերը կկարողանան գումարներ վաստակել, և բուհերի ռեալ զարգացումը շատ կասկածելի կլինի: Եթե ուզում են, որ գնային բարձրացումը էֆեկտիվ լինի, պետք է համակարգեն իրենց առջև դրված խնդիրները»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել