
Ինչպես հաղորդում է «ABC News» լրատվականը, ԱՄՆ բնակչության 3%-ը սուր ալերգիաներ է ունենում միջատների խայթոցից: Ըստ պրոֆեսոր Բեթ Քորնի` երբեք հնարավոր չէ նախապես իմանալ` ալերգիաներ ունեք, թե ոչ, մինչև որ խայթոց չստանաք:
Այնուամենայնիվ, վերջերս գրանցված դեպքը օրինակ է այն բանի, որ նույնիսկ եթե մեկ անգամ խայթոց եք ստացել, և ոչ մի բարդություն չի առաջացել դրանից, դեռևս չի նշանակում, թե դուք հետագայում խնդիրներ չեք ունենա: «ABC News» լրատվականին տված իր հարցազրույցում Քարոլին Թեյլորը նշել է, թե նախկինում երկու անգամ մեղվի խայթոց է ստացել և ամեն ինչ շատ հարթ` առանց բարդությունների է անցել, սակայն վերջերս ստացած խայթոցից նրա դեմքը սկսել է ուռչել ու կարմրել, իսկ ձեռքերը սկսել են սաստիկ քոր գալ:
Իմունոլոգները խորհուրդ են տալիս ուշադիր լինել մանավանդ օգոստոս ամսին, երբ մեղուներն առավել ակտիվ են:
Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել քաղցր հոտ ունեցող օծանելիքներ, աղբարկղերի բերանները փակ պահել և բոբիկ ոտքերով չքայլել, եթե քաղաքից դուրս եք գտնվում, քանի որ մեղուների որոշ տեսակներ իրենց բույնը հողաբլուրների մեջ են պատրաստում: Իսկ եթե մեղու տեսնեք, ուղղակի հանգիստ, դանդաղ անցեք, որովհետև մեղուները հարձակվում են վտանգ զգալու դեպքում միայն: Բժիշկները խորհուրդ են տալիս, որ եթե խայթոց ստանալուց հետո շնչառության խանգարում, կոկորդի այտուցվածություն կամ զարկերակի թույլ աշխատանք զգաք, անհապաղ դիմեք բժշկի:
Թեյլորը մեղվի խայթոցից առաջացած ալերգիայից 3 ամիս շարունակ մաշկի քրոնիկ ցան է ունեցել և թույնի իմունոթերապիա ստանալուց հետո միայն կարողացել է հաղթահարել խայթոցից առաջացած բարդությունները:



