1in.am-ը գրում է.
Ֆիզկուլտուրայի ամերիկյան միությունում բացատրել են, թե ինչու ֆիթնեսը և այլ սպորտային մարզումներ որոշ մարդկանց չեն օգնում նիհարել, այլ երբեմն էլ օգնում են ավելորդ կիլոգրամներ հավաքել:
American Council on Exercise-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չնայած ֆիզկուլտուրայի և ֆիթնեսի նկատմամբ զանգվածային հետաքրքրությանը՝ ամերիկացիների շրջանում ավելորդ քաշի խնդիրն արդիական է:
Պատահում է նաև, որ ակտիվ մարզվելով՝ մարդիկ ավելի շատ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, քան երբ ազատ ժամանակը հեռուստացույցի առջև են անցկացնում:
Փորձագետների կարծիքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ գերագնահատում են վարժությունների ազդեցությունը և սննդի հարցում իրենց չեն սահմանափակում: Արդյունքում նրանք սկսում են ավելի շատ ուտել, սակայն քիչ են մարզվում, որպեսզի ազատվեն ավելորդ կալորիաներից:
Օրինակ՝ մեկ բաժակ չոր գինուց «ազատվելու» համար հարկավոր է 20 րոպե աերոբիկայով զբաղվել, մեկ բաժակ գարեջուրը կեսժամյա ուժային վարժություններ է պահանջում, իսկ ահա փոքր շոկոլադե սալիկի ազդեցությունը 30 րոպեանոց արագ վազքով պետք է չեզոքացնել:
Այդ պատճառով էլ մասնագետները զգուշացնում են՝ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ամեն օր մարզվել և չավելացնել սննդակարգի կալորիականությունը: