Lragir.am-ը գրում է.

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են, չնայած նրան, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ պատրաստվում են փոխել օրենքի վիճահարույց ձեւակերպումները:

Օրենքի մեջ «գենդեր» հասկացությունը սահմանվում էր որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», որին դեմ են արտահայտվում տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր համոզված են, որ օրենքի անվան տակ ընդունվել է մի գաղտնի փաստաթուղթ, որը թույլ կտա ԼԳԲՏ համայնքին (LGBT.  խոսքը վերաբերում է լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին ևտրանսգենդերներին), ունենալ հավասար իրավունքներ` ինչպես սովորական արական եւ իգական սեռի ներկայացուցիչները:  

«Մեր հասարակության մեջ կա տգիտություն եւ անտեղյակություն գենդեր եւ սեռ հասկացությունների վերաբերյալ: Սեռը բիոլոգիական հատկանիշն է, իսկ գենդերը մշակութային եւ սոցիալական հարց է: Մարդիկ սկսում են ասել, որ այս օրենքը տանում է պեդոֆիլիայի, զոոֆիլիայի, դեմ է գնում մեր ավանդական ընտանիքներին, որը բացարձակ կապ չունի գենդեր հասկացության հետ: Գենդեր է համարվում այն հարաբերությունը, որով կինը եւ տղամարդը ընկալվում են հասարակության մեջ մշակութային կերպով: Այսինքն, տարբեր երկրներում կան տարբեր սովորություններ, ու կինն ու տղամարդը մեծանում են՝ այդ սովորություններն ընկալելով: Օրինակ, մեր երկրում ընդունված է, որ կինը քնքուշ ու հեզ պետք է լինի, իսկ այլ երկրներում այլ կերպ է»,- պարզաբանում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս կարծում է, որ հասարակության մեջ սխալ են ընկալում գենդեր հասկացությունը: Նա համոզված է, որ օրենքին դեմ հայտարարություններ հնչեցնող մարդկանց մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր պարզապես վախենում են օրենքի արդյունքում կորցնել իրենց իշխանությունն իրենց կանանց նկատմամբ:

Նշենք, որ այս օրենքը շրջանառվել է դեռ 2009 թվականից «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Արծրունի Աղաջանյանի հեղինակությամբ: Նախագիծն ունեցել է այլ անվանում և բովանդակություն, եւ նախագծի քննարկումը ԱԺ-ում հետաձգվել է 10 անգամ` Կառավարության համար ընդունելի չլինելու և լրամշակելու անհրաժեշտություն ունենալու պատճառով: Այնուհետև, 2011թ. կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել իր հեղինակած նախագիծը: Քանի որ Ազգային ժողովում արդեն կար ՕԵԿ պատգամավորների հեղինակած նմանատիպ նախագիծ, ապա որոշում է ընդունվել միավորել երկու նախագծերը:

«Հարկ եմ համարում փաստել, որ ՕԵԿ պատգամավորների հեղինակած նախագծում ի սկզբանե չի եղել մասնավորապես այն հոդվածը, որն առաջացրել է դժգոհություն և անհանգստություն հասարակության մոտ»,- ասում է ՕԵԿ ներկայացուցիչ  Արթուր Միսակյանը:

Այսինքն, 3-րդ հոդվածում ՕԵԿ-ը ի սկզբանե գենդեր եւ գենդերային հավասարություն բառերը սահմանել է այլ կերպ:

«Գենդեր - հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց միջև հասարակայնորեն հիմնավորված տարբերություն և հարաբերություն (մշակութային բնութագրերի ամբողջություն, որը որոշում է կանանց և տղամարդկանց սոցիալական վարքը, նրանց փոխհարաբերությունները), գենդերային հավասարություն- հասարակության մեջ կանանց և տղամարդկանց հավասար կարգավիճակ` մարդու իրավունքների և հնարավորություների իրականացման հավասար պայմաններով (հավասար իրավունքներ, հավասար պարտականություններ, հավասար հնարավորություններ…)»,- ասում է Միսակյանը:

Նա նշում է, որ օրենքի ընդունումը բխում էր Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերից, ՀՀ կառավարության «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թ.թ. ազգային ծրագրից (ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի թիվ 645 որոշում), ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի (1995թ.) հանձնարարականներից, ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրի պահանջներից եւ ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարումից:

«Օրենքը կնպաստի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը` որպես ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն և քաղաքացիական հասրակություն կառուցելու նախապայման: ՕԵԿ-ը ձեռնամուխ է եղել նման օրենքի մշակմանը վերը նշված նպատակների իրականացման համար, վերը նշված հիմնավորումը կյանքի կոչելու համար»,- ասում է Միսակյանը:

Օրենքին դեմ արտահայտվողները ամեն դեպքում շարունակում են պնդել, որ անգամ ձեւակերպումները փոխելուց հետո խնդիրը չի լուծվի, եւ օրենքը հասարակությունը կարող է տանել դեպի այլասերման, ինչպես իր հրապարակային ելույթներում օրինակ նշում է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նշենք, որ օրենքին դեմ են արտահայտվում նաեւ եկեղեցականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել