Երբ էլ որ նորություններ նայես, այնքան շատ աղետների մասին են հաղորդում, որ ակամայից դառնում ես վատատես: Գողությունների, ռմբակոծությունների, սպանությունների, ռասիզմի մասին լուրերն այնքան շատ են, որ քիչ է մնում` հիասթափվես և դադարես հավատալ, որ մարդիկ մի օր կարող են խաղաղ ապրել: Գուցե էգոիզմը, բռնությունն ու դաժանությունը մեր գեների մեջ են, կամ էլ դրանք մեր հասարակության կողմնակի ազդեցություններից են: Անգամ մարդաբաններն ու հոգեբանները գլուխ չեն հանում մարդկային բնությունից, սակայն կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մենք այնքան էլ բարի չենք:
Հաճախակի պատերազմներ

2012 թ.-ին Հարվարդի դասախոս Սթիվեն Փինքերը գրեց մի գիրք, որում բացատրում էր, որ մեր նախնիները շատ ավելի դաժան էին, քան մենք: Նա հիմնավորում է այս տեսակետը` վկայակոչելով մահապատժի, պատերազմի զոհերի և առհասարակ սպանությունների թվի կրճատումը: Այնուհանդերձ, ուրիշներն էլ քսաներորդ դարը համարում են պատմության ամենաարյունահեղ, ամենադաժան ժամանակաշրջանը, որին բնորոշ են անվերջ պատերազմները և ցեղասպանությունները: 1900-ականներից մինչև հիմա եղել է առնվազն 237 պատերազմ: Այսպիսով, եթե անգամ Փինքերը ճիշտ է, և դրությունն այսօր ավելի լավ է, քան նախկինում, մենք ասես դեռ պատերազմ ենք տենչում: «Discovery» հեռուստաալիքով հեռարձակվող զորավարժութունների մասին վավերագրական ֆիլմերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդիկ ծնվել են հենց պատերազմելու համար: Նրանց դուր են գալիս իրենց զենքերը, և նրանք ասես առանձնապես չեն ճնշվում ագրեսիվ պատերազմական միջավայրից: Տեսնես` ի՞նչ էին անելու այս մարդիկ, եթե կռվելու անհրաժեշտություն չլիներ: Կարո՞ղ էին արդյոք նրանք սովորական գրասենյակային աշխատանքով զբաղվել: Հարցն այն է, թե արդյոք մենք պատերազմում ենք, որովհետև ստիպվա՞ծ ենք, թե՞ որովհետև սրտի խորքում մենք սիրում ենք պատերազմել:
Ինտերնետային տռոլները

Աչքի անցկացրեք ինտերնետում հայտնվող մեկնաբանությունները և կտեսնեք, թե որքան ատելություն կա այդ մեկնաբանություններում: Ամենատարօրինակն այն է, որ հաճախ ոչ ոք չի սադրում մարդկանց նման մեկնաբանություններ գրել: Բացասական մեկնաբանություններ արվում են անգամ այն նյութերի տակ, որոնք չպետք է որ այդքան ատելություն առաջացնեին: Եթե անգամ սիրուն շունիկի նկար ես տեղադրում ինտերնետում, միշտ կգտնվի մեկը, ով քեզ սրիկա կանվանի կամ կասի, որ միայն անուղեղներն են շունիկի նկար տեղադրում: Այսպիսով, ինչո՞ւ են մարդիկ իրենց այդքան զազրելի պահում օնլայն տիրույթում:
Շատերն ասում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինտերնետում մարդիկ կարող են հանդես գալ անանուն կամ այլ մարդու անունով: Այսպիսով, նրանք չեն վախենում, որ հետագայում իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն: Մյուսներն էլ կարծում են, որ շատ մարդկանց մեջ զայրույթ է կուտակվում, և նրանք ինտերնետը համարում են իրենց զայրույթը պարպելու ապահով տիրույթ: Ամերիկացի որոշ գիտնականներ էլ պնդում են, որ սրա պատճառը վիզուալ կոնտակտի բացակայությունն է. մարդիկ չեն կարողանում նայել իրար շփման ընթացքում: Ակնհայտ է, որ երբ հնարավոր է անանուն հանդես գալ, շատ մարդիկ հաճախ դիմում են դաժանության:
Շիմպանզեները դաժան են

Եթե հարցին գենետիկական տեսանկյունից մոտենանք, պետք է ուսումնասիրենք մեր բարեկամ կապիկներին: Խնդիրն այն է, որ մենք հավասարապես կապված ենք թե՛ շիմպանզեների, թե՛ բոնոբոների (կապիկի տեսակ) հետ: Շիմպանզեները հակված են դաժանության, այնինչ բոնոբոները ավելի խաղաղ կենդանատեսակ են, որ հակված են պատերազմելու փոխարեն սիրել իրար: Իսկ ինչպիսի՞ն ենք մենք: «Սեքսը լուսաբացին» գրքի հեղինակ Քրիսթոֆեր Ռյանը կարծում է, որ մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք բոնոբոների հետ: Այնուամենայնիվ, նայելով մեր շուրջ` մենք տարակուսում ենք` մարդկությունը ձգտում է խաղաղությա՞ն, թե՞ անհաշտությունների:
Որոշ մարդիկ ունեն «ռազմիկի գեն»

Այսպես կոչված «ռազմիկի գենի» գոյությունը վկայում է այն մասին, որ մեզնից գոնե ոմանք ի բնե կատաղի են: Բժշկական լեզվում այս գենը հայտնի է MAOA անունով: Բոլորն էլ ունեն այս գենից, սակայն ոմանց մեջ այն ակտիվ է, ոմանց մեջ` պասիվ: Միայն այն, որ այս գենը կա ձեր մեջ, դեռ չի նշանակում, որ դուք կատաղի մարդ պիտի լինեք, բայց դա նշանակում է, որ դուք հակված եք ագրեսիայի և իմպուլսիվ որոշումների: Գիտնականները պարզել են, որ երբ այս գենին գումարվում է վատ դաստիարակությունը, այս գենը ավելի արտահայտված բացասական դրսևորումներ է ունենում: Օրինակ` 2009 թ.-ին կնոջն ու նրա ընկերոջը սադիստաբար սպանելու համար մի հանցագործի սպառնում էր մահապատիժ: Սակայն նրա փաստաբանը վատ դաստիարակությունը և «ռազմիկի գենը» նշեց իբրև մեղմացուցիչ հանգամանքներ և կարողացավ համոզել դատական ատենակալներին հանցագործին մահվան դատապարտելու փոխարեն դատապարտել 32 տարվա ազատազրկման:
Դաժանությունն` իբրև ժամանցի ձև

Որոշ մարդկանց համար դաժանությունը զվարճանալու միջոց է: Օրինակ` հեռուստատեսությունը հեղեղված է դաժանության տեսարաններով: Տպագիր մամուլում դաժանության մասին նյութերը ամենաընթերցվողներից են: Տպավորություն է ստեղծվում, որ դաժանությոնը գրավում է մարդկանց:
Հետազոտությունների մեծ մասը այն հարցի շուրջ է, թե ինչպես են դաժանություն պարունակող ժամանցային ծրագրերը և կինոնկարներն ազդում մեր վարքագծի վրա: Սակայն ավելի կարևոր է պարզել, թե ինչու ենք մենք նայում այդպիսի ծրագրեր: Որոշ գիտնականներ պնդում են, որ մեր կյանքում բացակայում է կոնֆլիկտների սարսուռը, և վտանգները մեզ օգնում են խույս տալ միապաղաղ իրականությունից:
Մեծ մտավորականները հավատացած էին, որ մարդիկ դաժան են

Իր կյանքի ավարտին Ֆրեյդը բավականին հիասթափված էր մարդկությունից: Այս հիասթափությունը ինչ-որ չափով պայմանավորված էր նրա ապրած ժամանակաշրջանով. նա ապրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում և մահացել այն ժամանակ, երբ սկսում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1930 թ.-ին հրատարակված իր աշխատությունում նա գրել է. «Մարդիկ ջերմ արարածներ չեն, ովքեր սեր են տենչում, ովքեր կարող են իրենք իրենց պաշտպանել հարձակման դեպքում: Հակառակը` նրանք այնպիսի արարածներ են, ովքեր բնազդաբար հույս են դնում ագրեսիվության վրա»: Ֆրեյդից դեռևս տարիներ առաջ փիլիսոփա Թոմաս Հոբսը նույնպիսի վատատեսական կարծիք ուներ մարդկության մասին: Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ էլ հավասարապես ունակ են սպանություն գործել, և երբ երկու մարդ միևնույն բանն են ցանկանում, պատահում է անխուսափելին. նրանք սկսում են պատերազմել: Նրա կարծիքով` միայն կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը կարող էին ճնշել այս կենդանական հակումները, սակայն անգամ կառավարությունն ու էլիտան հաճախ կաշառվում են:
Երեխաները հեշտությամբ կաշառվում են

Եթե մի պահ անտեսենք Ֆրեյդի և Հոբսի տեսությունները և ենթադրենք, թե մյուս մտավորականներն են ճիշտ (օրինակ` Ջոն Լոկ), այդ դեպքում պետք է ընդունենք, որ երեխաները, ովքեր ամենաքիչն են ենթարկվել արտաքին աշխարհի ազդեցություններին, պիտի որ հակված լինեն դեպի լավը: Սակայն արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը: Մի քանի ժամ անցկացրեք փոքր երեխայի հետ և կտեսնեք, որ նա անընդհատ կռվում է իր եղբոր կամ քրոջ հետ, իսկ հինգ րոպե հետո առատաձեռնորեն ձեզ է առաջարկում իր կծած կարկանդակի վառված մասը: Մենք պետք է նաև սովորեցնենք երեխային, թե ինչպես նա պետք է իրեն պահի (չկծի, չգողանա, կիսվի ունեցածով): Եթե մարդիկ ի բնե բարի են, ապա ինչո՞ւ պետք է այդքան ժամանակ ծախսենք այս ամենը երեխային սովորեցնելու վրա: Գիտնական Արբեր Թասիմին իրականացրել է երեխաների մասնակցությամբ մի շարք հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շատ հեշտ է երեխաներին կաշառել: Ինչպես և մեծերը, այնպես էլ երեխաները համաձայնվում են սխալ գործել, եթե նրանց առաջարկվում է շահավետ գործարք:
Մենք ունենք կառավարություն

Միայն այն հանգամանքը, որ մենք կառավարություն ունենք, ցույց է տալիս, որ մենք ինքներս էլ գիտակցում ենք, որ հասարակությունը քաոսի կվերածվեր, եթե չլիներ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կառույց, որը կստեղծեր և կգործադրեր օրենքներ: Մենք վստահ չենք, որ մեր դիմացինը մեզ չի թալանի կամ չի սպանի, և այդ պատճառով էլ մենք հոժարակամ հրաժարվում ենք մեր շատ ազատություններից, որպեսզի ավելի պաշտպանված լինենք: Սա վկայում է այն մասին, որ մարդկանց մի զգալի մասը այնքան էլ բարի չէ: Սակայն արդյո՞ք իրականում քաոս կտիրեր, եթե մենք հրաժարվեինք կառավարությունից և ապրեինք անարխիստական պետությունում: Դժվար հարց է: Անգամ տոհմատիրական ժամանակաշրջաններում հույսը դնում էին որոշ ավագների վրա:
Զույգերը կռվում են արգանդում

Կյանքի համար մարտնչելու և մրցակցելու բնազդը մեզ մոտ արտահայտվում է դեռևս շատ վաղ ժամանակներից: Ապացուցված է, որ զույգերը իրար հետ կռվում են դեռևս ներարգանդային շրջանում: Ավելի շատ ազատ տարածություն շահելու համար նրանք հարվածում ու հրում են մեկը մյուսին: Հետաքրքականն այն է, որ նույնիսկ սաղմնային շրջանում մենք պայքարում ենք իրար դեմ: Սա հասարակ էգոի՞զմ է, թե՞ փրկվելու բնազդ: Ինչ էլ որ լինի, սա ապացուցում է, որ մարդիկ պատրաստ են մարտնչել իրար դեմ հանուն ավելի լավ կենսապայմանների:



