Ladynews.am-ը գրում է.
Հատկապես հայկական իրականությունում խուսափում են սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներից: Չնայած նրան, որ ծնողների մեծ մասը նախաձեռնություն չի դրսեւորում քննարկելու այդ թեմաները, թողնելով «ամեն ինչ իր ժամանակին», միևնույն է, երիտասարդներն անում են այն, ինչի մասին բավականաչափ տեղեկություն չունեն: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ում հետ և երբ սեռական հարաբերություններ ունենա: Այնուամենայնիվ, առաջին սեռական հարաբերությունը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Հատկապես կնոջ համար չմտածված առաջին սեռական հարաբերության արդյունքում հնարավոր են մի շարք անցանկալի հետևանքներ: Դրանցից խուսափելու համար շատ կարևոր է իմանալ, թե որ տարիքից է կինը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ առաջին սեռական հարաբերության և ինչո՞ւ:
«Մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, և խորհուրդ չի տրվում մինչ այդ մտնել սեռական հարաբերությունների մեջ: Դրա հետևանքով սեռավարակներն են ավելի շուտ տարածվում, անցանկալի հղիություն կարող է լինել և այլն»,-LN-ի հետ զրույցում ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, սոնոգրաֆիստՏաթևիկ Ղորուխչյանը: Իսկ «Մոր եվ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» մանկաբարձական բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանն այլ կարծիքի է. «Համարում են, որ մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը պատրաստ չէ սեռական հարաբերություններ ունենալ, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս հակառակը: Օրինակ՝ իմ տատիկն առաջին անգամ ծննդաբերել է 14 տարեկանում, հետո ևս 5 անգամ և ապրել է 80 տարուց ավել: Իմ կարծիքով՝ երբ կարգավորվում է դաշտանային ցիկլը, արդեն պատրաստ է կինը սեռական հարաբերության: Ուրիշ հարց է գիտակցությամբ, հոգեպես նա պատրաստ է, թե՞ ոչ: Տեխնիկապես հնարավոր է, բայց այլ հարց է գիտակցությամբ նա հասել է այդ մակարդակին, թե՞ ոչ»:
Սակայն առողջ սեռական կյանք սկսելու համար բավական չէ միայն ֆիզիոլոգիական հասունությունը: Այստեղ շատ կարևոր գործոն է հոգեբանական պատրաստվածությունը: «Սեռական հարաբերությունը ոչ միայն ֆիզիկական մերկություն է պահանջում, այլև որոշակի «հոգեբանական մերկություն», իսկ մերկությունը, ինչպես գիտենք, առավել խոցելի է դարձնում մեզ: Որպեսզի երևույթն ինքնին վտանգավոր չլինի, աղջիկն իրեն պաշտպանված զգա, կանխատեսի իր արարքների հետևանքները, կարողանա կանխարգելել անցանկալի հղիությունը, պաշտպանվի սեռավարակներից, ճիշտ ընտրի, թե ում հետ կցանկանար ունենալ այդ փորձը, պետք է լավ տեղեկացված լինի: Այս շատ կարևոր հարցերին ճիշտ պատախան գտնելու համար որոշակի հասունություն է պահանջվում: Եվ այդ հասունությանը թե աղջիկը, թե տղան հասնում են մոտավոր 20-22 տարեկանում»,- LN -ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հոգեբան խորհրդատու Անուշ Ալեքսանյանը:
Հատկապես առաջին փորձի դեպքում երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ լարվածություն է առաջանում, վախ կամ գուցե տագնապ: Դա բոլորովին բնական է և չի կարելի վերագրել միայն կանանց կամ տղամարդկանց: Ընդհանրապես, մտնելով սեռական կյանք, բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ: Իսկ գաղտնիք չէ, որ նորույթն ինքնին վախեցնող է: Երբեք նորության նկատմամբ մարդիկ համապատասխան հայացքներ չեն ունենում: Սակայն որպեսզի նվազագույնի հասցնենք լարվածությունն ու վախը, հոգեբանը խորհուրդ է տալիս. «Որպեսզի այդ գործընթացն ավելի սահուն, առանց սթրեսների անցնի կնոջ համար, ամենակարևոր պայմանը երկու անձերի միջև վստահությունն է, ընկերությունը և չեմ վախենա ասել՝ սերը: Հատկապես առաջին փորձի դեպքում, եթե մարդն ունենում է հիասթափություն, դա շատ մեծ ազդեցություն է թողնում նրա՝ սեռական հարաբերությունների մասին, ինչպես նաև հակառակ սեռի մասին պատկերացումների վրա: Հետևաբար բացասաբար կազդի նաև նրա հետագա սեռական կյանքի և առողջ փոխհարաբերույունների, սեփական ընտանիքի վրա»: Վաղաժամ սեռական հարաբերություններն ամենից հաճախ բերում են սեռավարակների տարածմանը: Երիտասարդների, դեռահասների շրջանում դրանք շատ ավելի շուտ են տարածում գտնում: Լուրջ խնդիր է նաև անցանկալի, վաղաժամ հղիությունը: Իսկ արհեստական վիժումների, նմանատիպ բժշկական միջամտությունների արդյունքում վատթարանում է երիտասարդ սերնդի առողջությունը, ավելանում չբերության դեպքերը:
Հոգեբանական տեսանկյունից վաղաժամ սեռական կյանքը հղի է շատ խնդիրներով: «Եթե առաջին սեռական հարաբերությունը եղել է ոչ այնքան կնոջ ցանկությամբ, համոզելով, խաբելով կամ առավել ևս բռնությամբ, դա չի կարող անհետևանք մնալ: Հնարավոր է, որ ճիշտ և ժամանակին աջակցություն ցուցաբերելու դեպքում բացասական հետևանքները հասնեն մինիմալին, բայց առհասարակ նման դեպքերում մարդու մոտ կարող է ձևավորվել վերաբերմունք, որ սեռական հարաբերությունը ոչ թե քնքշանքի և սիրո արտահայտման ձև է, այլ ինչ-որ բացասական, վիրավորանք և ցավ պատճառող երևույթ, որից անհրաժեշտ է խուսափել: Եթե անգամ ամեն ինչ սիրով է եղել, բայց կինը հիասթափություն է ապրել, գուցե նրա սպասումները չեն արդարացվել և այլն, այդ հիասթափությունը իր ազդեցությունը կունենա նրա հետագա սեռական կյանքի վրա»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Ընդհանրապես հոգեբանը խորհուրդ է տալիս չշտապել, եթե ունեք վախ, կասկածներ, չփորձել ստիպողաբար հաղթահարել դրանք: Իսկ եթե այնուամենայնիվ ցանականում եք սկսել, ապա անպայման ունեցեք վստահելի մեկին, ում հետ կքննարկեք ձեզ հուզող հարցերը: Առաջին սեռական փորձը պետք է գիտակցված ընտրության արդյունք լինի, որպեսզի համեմատաբար նվազեն բացասական հետևանքները, որովհետև հիասթափություններից այնուամենայնիվ մեզ չեն պաշտպանում նույնիսկ ամենամտածված քայլերը: «Այդ նուրբ, բայց շատ կարևոր փորձառությունը լուրջ կշռադատում է պահանջում, - խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:- Ձեր առաջին փորձը կիսեք այն տղամարդու հետ, որը ստիպում է Ձեզ չվախենալ և լիարժեք վստահություն զգալ»: