Հակասություններն ինձ զարմացնում և շփոթեցնում են: Զարմանում եմ, որ տարին տասներկու ամիս Ֆեյսբուքում դժգոհող, պայքարող, հայհոյող, չհամակերպվող, ապստամբության կոչեր անող մարդիկ, ում, ի դեպ, կարելի է ախտորոշել որպես դեպրեսիվ անձինք, քանի որ բացի բացասականից ոչ մի դրական չես ստանում, հանկարծ իրենց էջում տեղադրում են արձակուրդային՝ եվրոպական ճամփորդությունների զվարճալի նկարները՝ պատմական վայրերում կամ հանգստյան ծովափնյա գոտիներում կատարված, ապա զարմանում ես, թե մարդն ինչպե՞ս կարող է այսպես երկատված լինել: Նկարներում նրանք երջանիկ են, անհոգ, էյֆորիայի մեջ և նկարներին նայելուց չես ասի, թե այս մարդիկ հայաստանյան գաղջ մթնոլորտի բնակիչներ են և ավելին, այդ մթնոլորտի դեմ պայքարողները: Նայում ես մյուս նկարներին, պայքարում է ոստիկանի հետ, քաշքշուքների մեջ է կամ ձեռքին ինչ-որ պաստառ է: Հարց է առաջանում` որտե՞ղ են նրանք իսկական՝ անկեղծ, իսկ որտե՞ղ են նրանք կերպարում դեր: Կասկածանքն է սողոսկում սիրտդ, թե այդ պաստառ բռնելու համար կամ աղաղակելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու դիմա՞ց է, որ ինչ-որ մեկը կամ ոմանք նրանց ուղարկում են հանգստանալու, որ հանգստանան, մտքերով հավաքվեն, նոր ուժով ու եռանդով վերադառնան ու նոր պայքարների մեջ մտնեն: Որքան նկատել եմ, այդ նկարների հեղինակները քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների անդամներ են, եթե չասեմ` կազմակերպիչներ, էլ.կայքերի խմբագիրներ, քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան ակտիվիստներ, մի խոսքով, Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ֆեյսբուքյան օգտատերեր, և դրանց մեծամասնությունը, որքան կարելի է նկարներից դատել, ամենևին էլ սոցիալական կամ նյութական խնդիրներ չունեցող անձինք են, ում համար պետք է որ միևնույնը լիներ, թե Հայաստանում ինչ է կատարվում, սակայն նրանք են շահագրգռված այդ փոփոխությունների համար: Հա, մոռացա ասեմ, նաև գրողներ, ովքեր մի գիրք տպագրելու համար հազար հովանավորի դուռ են թակում, բայց… դե հետո էլ ասում եք` արվեստագետը սոված է: Հարց է ծագում` որտեղի՞ց նրանց այդքան գումար, որ ընտանիքով կարող են եվրոպական կամ ասիական երկրներ ճամփորդության մեկնեն: Ասեմ` գռանտակեր են, չեմ ուզում ոմանց վիրավորել, ասեմ, թե ոմանք տերեր ունեն, ումից փայ ոսկոր են փախցնում, վախենամ` շատերին կվերաբերվի, բայց հարց է առաջանում` լավ, ամեն աշխատանք վարձատրվում է, բարեգործությունն էլ իր սահմաններն ունի, նվիրումը, ինքնազոհաբերությունը և այլն, ամեն բան պետք է որ դրդապատճառ ունենա, իսկ այս ընկած աշխարհում ես դադարում եմ հավատալ անկեղծ դրդապատճառներ ունեցող մարդկանց, որպես կանոն նման մարդկանցից կարելի է դավաճանություն սպասել: Իրականում, ումի՞ց զգուշանաս, իսկ ո՞ւմ վստահես` այս է հարցը: Զարմանքից սուրճս էլ իր համը կորցրեց:
Համենայն դեպս, բարի օր եմ մաղթում ամենեցուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/568149433226471
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել