Շուշին հայոց նորագույն պատմության մեջ ամենաշատ հիշատակվող բնակավայրերից մեկն է, որի ազատագրումը 28 տարի շարունակ թևածող լեգենդ էր մեր ժողովրդի շուրթերին։
2021-ի մայիսի 8-ին հայերը կփորձեն շրջանցել 1992-ի Շուշիի ազատագրման փառավոր պատմության հիշատակումները, մինչդեռ մենք պետք է իմանայինք Հայոց բերդաքաղաքը թշնամուց ազատելու իրական, ոչ միֆական դրվագները։
2021-ի նոյեմբերի 7-ին Ադրբեջանը հանդիսավոր միջոցառում կանի՝ իր հերթին լեգենդ ստեղծելով, թե ինչպես ադրբեջանցի և թուրք «քաջարի զինվորները, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, ծանր պայքարում կարողացան գրավել Շուշին»։ Ադրբեջանի պատմության դասագրքերն, իհարկե, չեն ասի, թե ինչպես կարող էին ծանր պայքար մղել իրենք, երբ մտել են դատարկ Շուշի։ ։
Նույնկերպ մենք այդպես էլ չենք ասում, որ թեպետ հայ կամավորականները հերոսաբար կռվում էին Շուշիի համար, բայց քաղաքի վերջնական ազատագրման օրը՝ 1992-ին, քաղաքում ադրբեջանցի այլևս չէր մնացել։ Թշնամին հեռացել էր՝ դատարկ թողնելով Շուշին։
Շուշիի դժբախտությունը նրանում է, որ գոյության ընթացքում բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Չնայած անառիկությանը՝ Շուշին մեկ գրավել են թուրքերը, մեկ՝ պարսիկները, մեկ նորից հայերը, այդ շղթան պարբերաբար կրկնվել է։ Հատկանշական է, սակայն, որ Շուշին գրեթե միշտ վերջին պահին անպաշտպան է մնացել, թեպետ իր աշխարհագրական դիրքով կարող էր ամիսներ շարունակ հյուծել քաղաքը պաշարած թշնամուն։
Պատմաբանները ավելի հստակ կասեն, թե Շուշին որերորդ անգամ անցավ թուրքերի ձեռքը։ Երևի 3-րդ կամ 4-րդ։ Վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո նորից կլինի հայերի ձեռքում, բայց կարևոր է, որ մենք, ի վերջո, փորձենք պատմություն կերտելիս մեր սերունդներին փոխանցել իրականությունը։
Հանրությունը սիրում է ստեր ու ինքնախաբեություն։ Որքան մեծ ու համեղ է սուտը, այնքան սիրով է հանրությունը այն մարսում, բայց հանրային ու ազգային իմունիտետը ձևավորվում է, երբ ծանոթ է իրականությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158147312878831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել