Երեկ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 5-րդ ալիքի եթերում հայտնել էր, որ Շուռնուխ գյուղում բնակիչների կորցրած տների փոխարեն նորերը կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով։ Այսօր Դանիել Իոաննիսյանի www.fip.am կայքը հոդված է գրել այս կապակցությամբ և վերնագրել այն. «Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը»։ Հոդվածում հղում է արվում վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին, որը՝ փորձելով հակադարձել Հակոբյանին, ասում է, որ այս պահին ճանապարհներ են կառուցվում և մոտ օրերին սկսվելու է ինտենսիվ շինարարություն։ Դանիելի կայքը փաստացի լսել է երկու տեսակետ ու չգիտես (ավելի ճիշտ՝ գիտենք) ինչու նախապատվություն է տվել իշխանական տեսակետին և առանց հետաքննություն անց կացնելու իր հոդվածում պնդել, թե իբր Հակոբյանը սխալ է։ Սա իրենց մոտ կոչվում է «փաստերի ստուգում»։ Նույն հաջողությամբ կարող էին պատերազմի ժամանակ բոլորիս սխալ հանել և հղում տալ Արծրուն Հովհաննիսյանի «հաղթական» արշավին, ներկայացնելով դա իբրև փաստ։ Ինչևէ, ինչ է փաստացի կատարվում Շուռնուխ գյուղում.
Մինչ այս պահը, Շուռնուխում մեկ ամսից ավել է տասնյակ ընտանիքների օթևանի հարցը քննարվում է տեսական մակարդակում, որևէ գործնական քայլ չկա, անգամ Շուռնուխցիները տեղեկաղցված չեն, թե գյուղի որ հատվծում է կառավարությունը պատրաստվում տուն կառուցել։ Առայժմ հայտարարությունների, ռեպորտաժների միջոցով իշխանությունը փորձում է թմբկահարել, սակայն փաստը մնում է փաստ, որ որևէ տան հիմք չի կառուցվում, մինչդեռ ինչ որ լուսանկարներ էին հրապարակվել, թե իբր աշխատանքները մեկնարկել են։
Որտե՞ղ են ապրում իրենց տները հարկադրաբար լքած ընտանիքները, ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպե՞ս պետք է լուծվի այս ցրտին տուն, տեղ կորցրած այս մարդկանց հարցը՝ պարզ չէ։ Կառավարությունն իրեն ապահովագրելու համար միանգամյա աջակցություն է տրամադրում և այսքանով հարցը փակում, քողարկելով այս ամենը պրիմիտիվ շոուներով։ Մարդիկ անասուններ են ունեցել, ստիպցած լքել են գյուղը, սպանդի են ենթարկել կենդանիներին ու մի քանի անգամ մատչելի գնով վաճառել, ո՞վ է փոխհատուցելու վնասը, ինչպես են ապրելու էս մարդիկ, եթե զրկված են սեզոնային գյուղատնտեսություն վարելու հնարավորությունից։ Եթե այս տեսակ խնդիրները լուծված չեն, ապա ի վիճակի՞ է այս կառավարությունը առավել գլոբալ` օրինակ տան հարց լուծել, փորձ ցույց է տալիս, որ՝ ոչ։
Այսքանով եկեք փաստենք, որ Փաստերի ստուգման հարթակը, Դանիելն ու իր շեֆերն են սխալ, ոչ թե հակառակը պնդող մարդիկ. կառավարությունը Շուռնուխում տներ ՉԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ։
Հ.Գ. Կոչ եմ անում լրագրողներին կատարել հետաքննություն այս հարցով, գրածս բոլոր փաստարկները ճշտված են անձնապես Շուռնուխի բնակիչներից, ցանկացած օբյեկտիվ հետաքննություն կապացուցի դրանց իսկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել