Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն դիրքորոշումը, որն ունի Թուրքիան Ղրիմի հարցում, չի ազդում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա, թեև Ռուսաստանը չի ընդունում այդ դիրքորոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Ղրիմի հարցը շոշափվում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։

«Այստեղ երևի կարելի է խոսել մի թեմայի մասին, որը վերաբերում է տարաձայնությունների կատեգորիային։ Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք բացատրել մեր դիրքորոշումը։ Եվ մենք վստահ ենք, որ մեր թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշտությունն ու հիմնավորվածությունը», - ասել է Պեսկովը։

Լրագրողները հարցրել են` կարելի՞ է ասել, որ Ղրիմի հարցը չի ազդում երկու երկրների հարաբերությունների վրա:

«Կարելի է», - պատասխանել է Պեսկովը։

Ընդ որում` նա հավելել է, որ ռուսական իշխանությունների համար Ղրիմի հարց որպես այդպիսին գոյություն չունի։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեմն հակադիր հայացքներ ունեն առանձին հարցերում, բայց թուրք առաջնորդն իր խոսքի տեր մարդ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել