«Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը:
Խնդիրն այն է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հայաստանի սահմանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է: Բայց ո՞րն է Հայաստանի սահմանը, ըստ փաշինյանական մարզպետի, թերևս սա հարցերի հարցն է:
Տեղացիներն անհանգստացած են, որ սեղանին է դրվելու անկլավները հանձնելու հարցը, իսկ պաշտոնատար անձինք էլ ներկայացնելու են, թե դրանք Հայաստանի Հանրապետությանը չէին և էլի վկայակոչելու են ինչ-ինչ քարտեզներ: Ավելին՝ մարզում անգամ շշուկներ են պտտվում, թե ռուս խաղաղապահների թիկունքի հետևում հանդիպում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, և ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ, սակայն այն որքանով է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել:
Համենայնդեպս, մինչև այս պահը որևէ փաստ չկա: Այս պահին միակ բանը, որ հաստատ է՝ այն է, որ տավուշյան սահմանապահ գյուղերում կան ռուս զինվորականներ՝ ինչ առաքելությամբ, էլի հայտնի չէ, բայց միակ հուսադրողն այն է, որ դիրքային փոփոխություններ այդ կողմերում դեռևս չկան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: