«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու օր առաջ հանդիպել էր Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Աժ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Իսկ երեկ էլ վճռորոշ որոշում կայացնելու փոխարեն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակեց վճռական լռություն պահպանել՝ էլ ավելի սրելով ներքաղաքական լարվածությունը: Տեղի ունեցած հանդիպման մանրամասների շուրջ զրուցեցինք հենց Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ի վերջո, ինչ եք քննարկել Արմեն Սարգսյանի հետ և արդյոք եկել եք որևէ ընդհանուր հայտարարի:
-Ընդհանուր ներքաղաքական իրավիճակն ենք քննարկել, բնականաբար՝ նաև Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Հայրենիքի փրկության շարժումը պնդել է իր դիրքորոշումը, որ միակ լուծումը Օնիկ Գասպարյանի ազատման մասին հակասահմանադրական փաստաթուղթը Սահմանադրական դատարան ուղարկելն է:
-Ինչպիսի՞ն էր ՀՀ նախագահի արձագանքը և ի՞նչ ասելիք ուներ, հատկապես որ ինքն էր հրավիրել հանդիպման:
-Սա առաջին հանդիպումը չէր: Առաջին հանդիպման ժամանակ մենք բավականին բազմաբովանդակ խոսել էինք, ներկայացրել մեր պահանջները: Արդեն երրորդ անգամ հանդիպելով՝ կարծես, նա լրացուցիչ կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու: Ամեն դեպքում, նա խոստացավ, որ մինչև օրենքով սահմանված ժամկետը կմտածի, և իր որոշման մասին տեղյակ կպահվի: Նա այդպես էլ չասաց, թե չի ուղարկելու, այլ նշեց, որ հարցեր ունի իր համար ճշտելու:
- Տվե՞ց որևէ բացատրուն, թե ինչու մինչև հիմա չի դիմել Սահմանադրական դատարան, հատկապես, որ հենց ինքն էր Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը հետ վերադարձրել՝ իր առարկություններով:
- Ինձ համար էլ էր զարմանալի հապաղման իմաստը: Բայց ասաց, որ իր իրավունքն է՝ ավելի մանրամասն մտածելու և իր քայլը կատարելու:
-Դուք ներկայացրել եք փաստարկներ, և ի՞նչ է ասել այդ մասին Արմեն Սարգսյանը:
-Չկասկածեք, որ ամեն ինչ ասել եմ: Նրա արձագանքն այն էր, որ ինքն էլ պնդում է, թե այն հակասահմանադրական է, և պատճառը դա է եղել, որ չի ստորագրել: Բայց և նշեց, որ պետք է մտածի՝ ինչպես անել, որպեսզի ցնցումներից խուսափենք և ամենաարդյունավետ լուծումը գտնվի: Ասաց, որ պետք է բոլոր կողմերի հետ խոսի:
-Փաստորեն, սահմանադրական ճանապարհով գնալը ՀՀ նախագահը համարում է, որ ցնցումների՞ կբերի:
-Ինձ թվում է՝ իր միակ ելքը՝ որպես Սահմանադրության պաշտպան և երկրի գլուխ, այն է, որ պետք է ուղարկի այդ փաստաթուղթը Սահմանադրական դատարան: Ես չեմ ուզում իմ երկրի նախագահական ինստիտուտն անգործունակ ճանաչվի:
-Բայց նաև Դուք եք ընտրել այս նախագահին...
-Մենք չենք ընտրել, որպեսզի լինի անգործունակ, ընտրել ենք, որպեսզի աշխատի:
-Իսկ գուցե, Նիկոլ Փաշինյանը, նրա հետ հանդիպելով շանտաժի է ենթարկել. օրինակ՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված:
֊Նա բացառեց նման երևույթները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: