«Հարցը երկար պատասխան ունի։ Ակնհայտորեն՝ այո, դա սադրիչ դիտվեց Ադրբեջանում։ Կարելի է ասել, որ միշտ էլ մեկ շրջանակային լուծում է եղել՝ լիակատար ռազմական հաղթանակ, որին 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունը չհասավ, Ադրբեջանն էլ 2020 թվականին չհասավ։ Եթե դա չէ լուծումը, ապա Ադրբեջանը ստանում է այն, ինչ հայտնի է՝ յոթ շրջանները և հայերի համար ինչ-որ ինքնավարության կարգավիճակ։ Հիմա իրավիճակը հայերի համար ավելի վատ է»,- Future Studios-ի կազմակերպած՝ «Խոսենք ապագայից» խորագրով շարքի հերթական քննարկման ժամանակ, պատասխանելով «Առավոտի» հարցադրմանն այն մասին, թե «Ձեր գնահատմամբ՝ մինչև պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «բանակցություններն սկսում եմ սեփական՝ զրոյական կետից» հայտարարություններն ինչպես ազդեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական քայլերի վրա»՝ ասաց Carniege Europe հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նա նշեց․ «Ադրբեջանի տեսանկյունից, երբ նրանք լսեցին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, որոնք չգիտեմ, թե ինչ պատճառով է նա արել, դրանք այսպես ասած՝ տեղ հասան։ Նա ասաց, որ փաստորեն չի բանակցում, խոսելու նյութ չկա, ուրեմն՝ միտք ծագեց վերադառնալու պատերազմի։ Ադրբեջանում բազեներին թև տվեցին և նրանք ասացին՝ իմաստ չունի բանակցելու։ Միաժամանակ, ես շատ եմ քննադատել Ադրբեջանին ճկունության պակասի համար, որովհետև չի առաջարկել խոսել Արցախի հայերի հետ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: