Հայաստանում մշտապես եղել են հակասական մոտեցումներ երկրի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում։
Խիստ հակասական մոտեցումների գեներացման արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ գաղափարների բախում։
Միանգամայն վստահ եմ, որ թե՛ ռուսամետ կողմնորոշում ունեցողները, թե՛ արևմտամետները և թե՛ բալանսավորված (ինչը ըստ իս անհնար էր Արցախյան կոնֆլիկտի պայմաններում) արտաքին քաղաքականություն վարելու ջատագովները հայրենասեր և պետական շահն առաջնային համարող գործիչներ էին։
Իրարամերժ գաղափարների պայքարի ընթացքում ինչ-որ պահի հողը սայթաքեց պատմություն կերտած գործիչների ոտքերի տակից, ինչի արդյունքում պետությունը զավթած գործակալական ցանցն ինքը վճռեց երկրի ապագան՝ պետականության կորստի վտանգի առջև կանգնեցնելով Հայաստանը։
Չպնդելով թեզը, որ արևմտյան ուղղվածությունը լավագույն ընտրությունը չէր մեր երկրի համար՝ կառանձնացնեմ փաստեր Հայաստանի՝ ակնհայտ ռուսական ուղղվածության ժամանակահատվածից։
Մինչ Կովկասում թուրքական գործոնի այսչափ մեծացումը, Հայաստանը ռուսական կողմնորոշման գերակայության ժամանակահատվածում չի ունեցել անվտանգության խնդիրներ։ Ավելին, երկիրը հաղթողի դիրքերից էր բանակցում թշնամու հետ և արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում ունենալու էինք էականորեն շահեկան արդյունք։
Տնտեսությունը մեծամասամբ հիմնված էր հետխորհրդային երկրների շուկաների սպասարկման վրա, ինչն ապահովում էր կայուն տնտեսական աճի բարձր տեմպը։
Վերջապես, Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում, ինչն անկասկած զսպաշապիկ էր թուրքական գործոնի ընդլայնման համար։
Ի՞նչ ունեցանք Ռուսաստանի հետ թուլացած և ապա սրված հարաբերությունների արդյունքում, որն ուղղեկցվեց տարածաշրջանում թուրքական գործոնի կտրուկ ընդլայնմամբ։
Ունեցանք՝ Արցախի կորուստ
Հազարավոր զոհեր
Խոցված Սյունիք
Փլուզված տնտեսություն
Անվտանգության խնդիրներ
Խզված արտաքին կապեր
Պետության կորստի վտանգ
Հ.Գ. Հայաստանն ու Ռուսաստանը բնական (նույնանման շահեր հետապնդող) դաշնակիցներ են՝ հատկապես տարածաշրջանային ներկայիս իրողությունների պայմաններում։
Վերոնշյալ քաղաքական հայացքներով առաջնորդվողներն ազգայնականներ են, բայց ոչ երբեք ռուսամետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել