168.am-ը գրում է․

Հարցին՝ արդյոք Ազգային ժողովում դիպուկահարների ու լուսաձայնային նռնակների տեղակայումը Նիկոլ Փաշինյանի վախի արտահայտությո՞ւն էր, թե՞ վախից ծնված ուժի ցուցադրություն, հստակորեն կարող են պատասխանել միայն հոգեբանները։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։

Նա վախենում է բանակից, գեներալներից, վախենում է փողոցում իր հրաժարականը պահանջող քաղաքացիներից, նա վախենում է սեփական թիմակիցներից նաև, վստահաբար, եթե չի վախենում, ապա առնվազն չի վստահում անգամ իր անձնական անվտանգությունն ապահովող թիկնազորին։ Իրավիճակը, երբ երկրի ղեկավարն ապրում է տոտալ վախի պայմաններում, չափազանց վտանգավոր է ու անկանխատեսելի։

Վախը խիստ անձնական ու անհատական կատեգորիա է և կարող է ունենալ ամենատարբեր հետևանքներ։ Առաջին տպավորությամբ՝ վախեցած մարդն իրականում թույլ է ու խեղճացած։ Դա, իհարկե, այդպես է, սակայն դրանից ուղղակիորեն սխալ է բխեցնել, որ վախը միայն թուլության արտահայտիչ է։

Բանն այն է, որ վախը՝ թուլացնելով մարդուն, որքան էլ տարօրինակ է, միևնույն ժամանակ՝ կարող է նաև ուժեղացնել նրան։ Վախը ստեղծում է հոգեվիճակ, որի պայմաններում մարդն ընդունակ է այնպիսի գործողությունների, որոնց որևէ դեպքում չի դիմի սովորական վիճակում, որովհետև վախի դեպքում անձի մոտ բազմաթիվ ներքին արգելակներ դադարում են գործել։

Վախն իր բնույթով իռացիոնալ հոգեվիճակ է, այդմով այն իռացիոնալ կարող է դարձնել նաև այն կրողի գործողությունները։ Հետևաբար՝ վախեցած Նիկոլ Փաշինյանը՝ որքան թույլ, այնքան էլ՝ իռացիոնալ է, իռացիոնալ լինելով՝ նաև ուժեղ է այն իմաստով, որ կարող է դիմել անկանխատեսելի քայլերի՝ սկսած բողոքի ակցիաներ իրականացնող մարդկանց դեմ սովորական ուժ կիրառելուց՝ մինչև անգամ կրակ արձակելու հրաման։

Սովորական պայմաններում այդ քայլերից նրան կարող են զերծ պահել մերձավոր շրջապատի անդամները, իրեն ենթարկվող իրավապահ կառույցների հորդորները։ Բայց քանի որ նա վախեցած է ու չի վստահում անգամ ամենամերձավորներին, իսկ իրավապահները դարձել են նրա կամակատարները, գործնականում որևէ արգելակ չի կարող աշխատել։ Խղճի մասին խոսելը, բնականաբար, ավելորդ է, քանի որ, նախ՝ չկան դրա գոյության մասին հավաստող ստույգ տվյալներ, բացի այդ, վախը մթագնում է ոչ միայն գիտակցությունը, այլ նաև մարդու հոգեկանի այն տիրույթները, որտեղ ենթադրաբար գտնվում է խիղճը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը վախեցած է, վախեցած լինելով՝ թույլ է, բայց այդ թուլությունը նրան կարող է նաև ուժեղացնել՝ դրդելով ամենավտանգավոր ու անկանխատեսելի քայլերի։ Լայն իմաստով, Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն ու զգուշացումը հենց դրա մասին էր, թեև, հասկանալիորեն դրանում տեղ չէին գտել Նիկոլ Փաշինյանի վտանգավորությունը դետալացնող դրույթներ։
Իռացիոնալ լինելով՝ վախը բազմաշերտ ու բազմափուլ հոգեվիճակ է։

Երբ այն գերազանցում է բնականության ու բանականության չափաբաժինը, վերածվում է բնազդային մոտիվատորի, որի դեպքում անձի գիտակցությունը մղվում է երկրորդական, երրորդական պլան։ Պետք է անհապաղ Նիկոլ Փաշինյանի «վախը բռնել», այլապես նա վտանգավոր է՝ ինչպես անձամբ իր, այնպես էլ՝ պետության ու հասարակության համար։

Հարություն Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել