Կապի ամերիկյան օպերատորն իր հաճախորդներին խորհուրդ է տվել սմարթֆոնների վրա անջատել 5G-ն, որպեսզի լիցքավորումը պահպանվի, հայտնում է The Verge պարբերականը:
Լրագրողները ուշադրություն են դարձրել ԱՄՆ ամենախոշոր փրովայդերներից մեկի՝ Verizon-ի Twitter-ում կատարած հրապարակման վրա: Բաժանորդների աջակցության հարցերով աշխատակիցը նշել է, որ 5G-ով սարքերի ինքնավարությունը բարելավելու համար պետք է անջատել կապի հինգերորդ սերնդի աշխատանքը: «Աշխատանքի ժամանակը երկարացնելու եղանակներից մեկը LTE-ի միացումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեղինակները նշել են, որ Verizon-ի ներկայացուցիչները բաժանորդներին փաստացի կոչ չեն արել հրաժարվել 5G-ից, բայց շատ զգուշորեն դա են ակնարկել: Որոշ ժամանակ անց փետրվարի 28-ին հրապարակված թվիթը ջնջվել էր:
Verizon-ի որոշ բաժանորդներ բացասաբար են ընկալել օպերատորի խորհուրդը՝ այդ եղանակն անվանելով կիսամիջոց, որը խնդիրը չի լուծում: Օգտատերերի մի մասին նաեւ անհեթեթ է թվացել նոր եւ թանկարժեք հեռախոսի ձեռքբերումը՝ հինգերորդ սերնդի ցանցում աշխատանքի աջակցությամբ, իսկ այնուհետեւ հեռախոսի մեջ 5G-ի անջատումը:
Verizon-ի ներկայացուցիչները հաճախորդների հետ զրույցում նշել են, որ այս պահին ընկերության առաջնահերթություններից մեկն է mmWave գերարագ դիապազոնի աջակցությամբ ծածկույթի գոտու ընդլայնումը: Լրագրողները նշել են, որ ապագայում 5G-ին լիարժեք անցումը ամերիկյան օպերատորների հաճախորդներին թույլ կտա հրաժարվել LTE-ից:
Apple-ի նոր սմարթֆոններն ուսումնասիրած լրագրողները նշել են, որ 5G-ով տվյալների փոխանցման պայմաններում սարքերը աշխատանքի շատ սահմանափակ ժամկետ ունեն: Մասնավորապես՝ iPhone 12-ի հետ խնդիրներ են առաջանում միլիմետրային դիապազոն (mmWave) օգտագործելիս, որն աչքի է ընկնում տվյալների փոխանցման մեծ արագությամբ: