1in.am-ը գրում է.
Նվազել են անչափահասների շրջանում իրականացվող ծանր հանցագործությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անչափահասների շրջանում տարվող աշխատանքների ու նրանց հետ կապված հիմնախնդիրների մասին խոսեց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նա նշեց, որ ՀՀ ոստիկանությունը վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ աշխատանքներ է իրականացնում անչափահասների շրջանում, իրականացվում են միջոցառումներ, որոնք երբևիցե չեն իրականացվել նախկինում, ինչպես՝ այցերը մանկատներ, ոստիկանների հետ համատեղ միջոցառումներ և այլն, և այլն:
Բանախոսի փոխանցմամբ՝ ավագ դպրոցներում արդեն շատ արդյունավետ օգտագործվում է «դպրոցական տեսուչ» ծրագիրը, որի արդյունքում նաև այս տարվա վեց ամիսների կտրվածքով գրանցվել է դպրոցականների կողմից իրականացված իրավախախտումների նվազում:
«Եթե անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում քսանվեց դեպք էր գրանցվել, ապա այս տարի՝ տասնմեկ, որը դրական ցուցանիշ ենք համարում: Այս տարվա յոթ ամիսների արդյունքում հանցագործությունների 13 դեպքով աճ է գրանցվել, բայց ունենք անձերի նվազում 4-ով։ Այս տարի գրանցվել է 220 դեպք, իսկ անցյալ տարի՝ 207: Նվազել են ծանր հանցագործությունները, սպանություններ չեն եղել, հանցագործությունների գերակշիռ մասը գողություններ են, որոնց մեծ մասը՝ մանր գողություններ: Չունենք կրկնահանցագործություն կատարած անչափահաս: Հիմա հաշվառման համակարգն է գործում, որի արդյունքում ոչ մի հանցագործություն դուրս չի մնում մեր տեսադաշտից»,- ասաց Նելլի Դուրյանը: