«Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման սկանդալային գործը, թեև ՌԴ-ում գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն այդպես էլ Հայաստանում չբարեհաճեցին այդ ուղղությամբ որևէ քայլ անել: Այսպիսով, ո՞ւր է հասել այդ պատմությունը, փորձեցինք հետաքրքրվել ՊեԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից, ով ասաց.
-Դրանք հերյուրանքներ են, դրանց շուրջ բազմաթիվ միջոցառումներ և գործողություններ են կատարվել, և ակնհայտ է դարձել, որ դրանց մեջ ոչ մի իրականություն չկա (ի՞նչը, որ ՌԴ ծխախոտի խմբաքանակնե՞ր են տարել Հայաստանից, որը ռուսական համապատասխան ծառայություններն առգրավեցին- Հեղ.):
- Կոնկրետ ինչ միջոցառումների արդյունքում է փաստվել Ձեր ասածը:
- Բազմաթիվ:
- Պարոն Հովհաննիսյան, հանրությունը պահանջում է կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության հրաժարականը: Դուք ևս կառավարության մաս եք կազմում, չե՞ք կարծում, որ պետք է հեռանաք:
- Չեմ կիսում այդ տեսակետը:
- Այսինքն՝ ժողովրդի տեսակետը չե՞ք կիսում:
-Ո՞ր ժողովրդի:
-Ովքեր Բաղրամյան պողոտայում ցույց են անում և պահանջում ողջ կառավարության հրաժարականը:
-Իրենց կարծիքը մեզ համար միևնույն չէ, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են: ---Բայց ժողովուրդը երեկ հրապարակում էր:
-Իսկ Բաղրամյանում հավաքվածներն ովքե՞ր են:
-Նրանք նույնպես մեր հայրենակիցներն են, ովքեր որոշակի դժգոհություններ ունեն կառավարությունից:
-Ու ի՞նչ պետք է անի կառավարությունը այս դեպքում:
-Կառավարությունը շարունակում է իր աշխատանքը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ի դեպ, մենք Ձեզ գրավոր հարցմամբ էլ ենք դիմել: Առ այն, որ ՊԵԿ-ն Արցախ օգնություն հասցրած անհատներից փորձում է հարկեր գանձել: Այն դեպքում, երբ անհատները պետության փոխարեն իրենց կյանքը վտանգելով տարբեր օգնություններ են հասցրել ռազմի ճակատ: Դա նորմա՞լ եք համարում։
-Կա օրենքով սահմանված ընթացակարգ:
-Բայց կառավարության որոշումը չի՞ վերաբերում ռազմական դրության պայմաններին, երբ մարդիկ իրենց կյանքը վտանգելով՝ օգնություն են հասցնում պատերազմական գոտի:
-Այո, ռազմական դրության պայմանների համար մենք ընդունել ենք արտոնություններ նախատեսող օրենք, որով պետք է արտոնությունից օգտվեն տվյալ օգնություն բերողները: Դրա համար անհրաժեշտ է փաստաթղթեր ներկայացնել:
-Բայց օգնությունը հասել է, չէ՞ սահմանված կերպով, և դա Դուք գիտեք:
-Խնդիրն այստեղ, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ չեն հասցրել այդ փաստաթղթերը ներկայացնել: Դրա համար մեզ համար պարզ չի դեռևս դա օգնությո՞ւն է, թե օգնություն չէ: Երբ կներկայացվի, բնականաբար, հարկային պարտավորություն չի հաշվարկվի: Կարգ կա, որը պետք է պահպանվեր: Կամ, ամեն դեպքում, մեզ դեռևս չեն ներկայացրել:
Հատկանշական է, որ ՊԵԿ-ը այդ մասին հիշել է օգնությունն Արցախ հասցնելուց և ԱՀ իշխանություններին հանձնելուց ամիսներ անց: Ինչ է, բյուջեն լցնելու խնդի՞ր ունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: