Aysor.am-ը գրում է.
Ալկոհոլային կախվածություն ունեցող կանանց մոտ բացասական հետևանքները 4-5 տարի ավելի շուտ են ի հայտ գալիս, քան տղամարդկանց մոտ: Այս մասին ասված է ամերիկացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում:
«Պատմականորեն ալկոհոլիզմը համարվել է տղամարդկային հիվանդություն՝ արական սեռի մոտ լայն տարածում ունենալու պատճառով: Ավելի ուշ հաստատվել է, որ կանանց մոտ հիվանդությունն առավել ծանր հետևանքներ է ունենում: Մասնավորապես, հայտնի է, որ ալկոհոլային կախվածությունը կանանց մոտ զարգանում է առավել արագ տեմպերով»,- ասել է Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի աշխատակից Բեն Լյուիսը:
Հետազոտությանը մասնակցել է ալկոհոլային կախվածությունից բուժվող 274 տղամարդ և 257 կին: Նրանք պատասխանել են ինտելեկտուալ հնարավորություններին և վատ սովորության հետևանքներին վերաբերող հարցերի: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե կինն ու տղամարդը միաժամանակ սկսում են օգտագործել ալկոհոլ ու ժամանակի ընթացքում կախում է առաջանում, ապա կախվածության առաջացումից մինչև բժշկին դիմելու պահը կանանց մոտ 4-5 տարի վաղ է հասունանում: Միջինում խմիչք օգտագործելու առաջին դեպքերից մինչև մասնագետին դիմելու պահը կանանց մոտ տևում է 10, տղամարդկանց մատ՝ 15 տարի:
Սակայն ուսումնասիրության հեղինակները նաև կարծում են, որ կանայք ավելի պատրաստակամ են բժշկին դիմելու ու խնդրի մասին խոսելու հարցում:
Մասնագետների կարծիքով՝ կանայք ու տղամարդիկ ալկոհոլի հետ խնդիրներ սկսում են ունենալ միևնույն տարիքում՝ 18-19 տարեկանում: