Բոլորն են լսել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի մասին, որտեղ զանգվածային վթարներ են տեղի ունեցել և հանգեցրել ռադիացիայի մակարդակի կտրուկ բարձրացման: Սակայն քչերն են տեղյակ, որ նախկին ԽՍՀՄ տարածքում գոյություն ունի առավել վտանգավոր մի վայր, որտեղ ռադիացիայի մակարդակն այնքան բարձր է, որ առնվազն հազար տարի մարդիկ դեռևս չեն կարողանա բնակեցնել տարածքը:

Կար ժամանակ, երբ մարդիկ ցանկանում էին հզոր զենք ստեղծել, սակայն ամենևին չէին մտածում արարքի հետևանքների մասին: Երկրորդ աշխարհամարտը դեռ նոր էր ավարտվել, սակայն հզոր զենքերի տիրապետելը մեծ ցանկություն էր: ԽՍՀՄ իշխանությունները համապատասխան վայր էին փնտրում, որտեղ հնարավոր կլիներ առաջին միջուկային զենքի փորձարկումն իրականացնել: Ղազախստանի տարածքում գտնվող մի շրջան առավել բարենպաստ պայմաններ ուներ նման օպերացիայի իրականացման համար: Ստորգետնյա տարածությունն այնտեղ բավականին ընդարձակ էր, ինչն էլ մեծ նշանակություն ուներ փորձի համար: Սակայն ոչ ոք շրջակայքում ապրող մարդկանցից կարծիք չէր հարցրել: Փոքրիկ ղազախական բնակավայրը պարզապես շարունակեցին բնակեցնել: 130 կմ հեռավորության վրա գտնվում էր Սեմիպալատինսկ քաղաքը:

Պոլիգոնը զբաղեցնում էր ընդհանուր առմամբ շուրջ 19,000 քկմ տարածք: Դրանում առկա են տարբեր չափերի բազմաթիվ խառնարաններ, որոնք մնացել են պայթյունների արդյունքում: Առաջին պայթյունն այնտեղ տեղի է ունեցել 1949 թ. օգոստոսին՝ առաջին խորհրդային РДС-1 միջուկային ումբի փորձարկման ժամանակ: Սակայն դա միայն սկիզբն էր. հետագայում տեղի ունեցավ ավելի քան 400 պայթյուն: 1989 թ. տեղի ունեցավ վերջին պայթյունը, և պոլիգոնը որոշեցին փակել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո:

Եվ չնայած որ յուրաքանչյուր փորձարկումը խիստ գաղտնի պայմաններում էր կատարվում, դրանցից ոչ մեկն առանց մարդկության համար ծանր հետևանքների չի անցել: Մոտավոր հաշվարկներով՝ պոլիգոնում ծավալված գործունեության հետևանքով տուժել է ավելի քան 1 միլիոն ղազախ: 1996-2012 թ. Ռուսաստանը Ղազախստանն ու ԱՄՆ-ն պոլիգոնում նախկին փորձարկումների լիկվիդացիայի աշխատանքներ են կատարել, հարյուրավոր կիլոգրամներ ուրան և սարքավորումներ են դուրս բերել, սակայն տարածքը շարունակում է վտանգավոր մնալ:

Այստեղ ստորգետնյա, ինչպես նաև առաջացած փոսերում հավաքված ջրերում առկա են մի շարք քիմիական տարրեր, ու դրանք հագեցած են ռադիացիայով: Հողի կառուցվածքը խիստ դեֆորմացիայի է ենթարկվել: Պոլիգոնը մեծ խնդիր է դարձել ողջ Ղազախստանի համար, և այդ վտանգն ամբողջությամբ լիկվիդացնել հնարավոր չէ:

Նախկին պոլիգոնի սահմաններից դուրս անգամ մինչ օրս մեծ ռիսկ կա մարդկանց համար ծանր հիվանդություններով վարակվելու. շատ երեխաներ խնդիրներով են լույս աշխարհ գալիս: Շրջանն աղքատ է, և շատերը չեն կարողանում այն լքել ու տեղափոխվել: Ոչինչ չի մնում անելու, քան օգտագործելը թունավորված ջուրն ու հողը: Եվ, ցավոք, այս տարածքը մոլորակի վրա միակը չէ, որն այսպիսի լուրջ խնդիրների հիմք է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել