Psymag.am-ը գրում է.

Մենք հաճախ  կարծում ենք, որ պրոբլեմային իրավիճակի լուծման լավագույն միջոցը տրամաբանական մտածողությունն է՝ մոռանալով, որ գոյություն ունի խնդիրների լուծման ավելի արդյունավետ տարբերակ. դա ինտուիցիան է: 
 Մեր ենթագիտակցական աշխարհը շատ ավելի հարուստ է, քան մեր գիտակցությունը, իսկ ինտուիցիան այն լավագույն միջոցն է, որի շնորհիվ կարելի է բացահայտել այդ գաղտնի տեղեկատվական շտեմարանը: Վերջինիս միջոցով մենք կապ ենք հաստատում բարձրագույն ինտելեկտի հետ, որով մենք զգում ենք  մեր՝ տիեզերքի մի մասնիկը լինելու իրողությունը: Եթե արդյունավետորեն համադրվեն տրամաբանությունը և ինտուիցիան, ապա կարելի է լուծել ամեն տեսակի հիմնախնդիր. միայն թե պետք է հավատալ սեփական հոգևոր ներուժին, խորանալ սեփական անհատականության մեջ:

 Այո, միայն ինտուիցիայի միջոցով է հնարավոր կապ հաստատել ենթագիտակցական թաքուն ոլորտի հետ, քանզի այն չի ենթարկվում գիտակցական տրամաբանական վերլուծության. ինտուիցիան որպես հոգեկան երևույթ հայտնվում է հանկարծակի, առանց մեր կամածին միջամտության, սակայն ինչպես գիտենք  ոչ մի բան հենց այնպես, առանց պատճառավորման չի լինում. մարդը մտածում է նաև ենթագիտակցական մակարդակում: Այդ ենթագիտակցական մտածողության արդյունքը, այսինքն խնդրի լուծման մշակված տարբերակները մեր գիտակցությյան մեջ են հայտնվում ինտուիցիայի շնորհիվ, և այսքանից հետո որոշ հոգեբանների պնդումները, թե այն հոգեկան գործընթաց չէ, դառնում են անհիմն: Ինչպես կարող է մի հոգեկան երևույթ, որն իր մեջ պարունակում է արդյունք, չհամարվի հոգեկան գորրծընթաց: Անգամ կարելի է առաջ քաշել մի վարկած, ըստ որի ինտուիցիան հոգեկան գործընթացների հիերարխիայում գրավում է ամենաբարձր դիրքը, ավելի բարձր քան անգամ երևակայությունը: Այն իր մեջ պարունակում է և՛ մտածողության, և՛ երևակայության տարրեր, կարծես թե լինի դրանց յուրօրինակ մի սինթեզ: Այն կանխարտացոլման մի յուրատիպ պրոցես է, որը ոչ միայն օգնում է մեզ տարբեր կենսական նշանակության խնդիրներ լուծելուց, այլև  տեղեկացնում  է մեզ սպասվող վտանգների մասին: Կա վարկած, ըստ որի, որքան մարդը հոգևոր զարգացման ավելի բարձր սանդղակի վրա է կանգնած, այնքան նրա ինտուիտիվ կարողությունները ավելի արդյունավետ են աշխատում:

 Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է զարգացնել սեփական ինտուիտիվ կարողությունները և շաղկապել դրանք բանականության հետ, որի արդյունքում մենք կստանանք խնդրի լուծման լավագույն տարբերակները.

1. Անջատիր ներքին բացասական դատողություններդ - քեզ կամ ուրիշին դատապարտելու գործընթացը  ինտուիցիայի արդյունք չէ, այլ բացասական էներգիայով լի անարդյունավետ մտքերի աղբանոց: Երբ քո ներքին քննադատը ասում է. «Նա հիմար է, տգեղ է», «Ես գեր եմ կամ ես կպարտվեմ», մի պահ կանգ առ և մտածիր. «Ինչու՞ ես դա ասեցի, իմ անհատականության ո՞ր հատվածն է խափանում ներդաշնակությունը»: Անջատիր այդ ձայնը և փոխակերպիր այն դրական մտածողության: Երբ քո մեջ առաջանում է հետևյալ միտքը. «Ինձ մոտ ոչ մի բան չի ստացվի», փոխիր նրան հետևայլ հարցադրմամբ. «Ինչպե՞ս դա անել» . արդյունքում ձեր ինտուիցիան արդյունավետորեն կաշխատի և ձեզ ցույց կտա ելքը տվյալ իրավիճակից: Երբ դու կյանքին վերաբերվում ես դրականորեն, կյանքն էլ քո առջև է դռները բացում, երբ ինքդ քեզ դրական հարցեր ես տալիս, ինտուիցիան էլ իր հերթին է օգնում քեզ:

2. Առանձնացիր մենակության մեջ - օրվա մեջ գտիր գոնե կես ժամ ժամանակ սեփական մտքերիդ հետ մենակ մնալու համար: Մնալով մենակ՝ սկսում ես քեզ ճանաչել, ծանոթանալ քո մտավոր և հոգևոր ներուժին, կարողանում ես ավելի ճշգրիտ և գրագետ օգտագործել սեփական կարողությունները և ունակությունները. արդյունքում կատարելագրոծվում է քո անհատականությունը, այդ թվում նաև ինտուիցիադ, որի արդյունքում կարողանում ես վերահսկել վերջինիս ընթացքը, և որոշակի կերպով հնարավորություն է ստեղծվում օգտվել ենթագիտակցական աշխարհի անսպառ պաշարից:

3. Հոգնակի հարցադրումներ - հոգնակի հարցադրումները ինտուիցիան զարգացնելու հոյակապ եղանակ է: Ամենամեծ ստեղծագործական բացահայտումները  առաջանում են հարցադրումների ընթացքում: Կարելի է ստեղծել ինտելեկտուալ մարդկանց կոլեկտիվ և նրանց հետ քննարկել տարատեսակ փիլիսոփայական, հոգեբանական և այլ հիմնախնդիրներ, այդ ամենը կատարել բազմաթիվ հարցադրումների միջոցով, արդյունքում կառաջանան նոր հարցեր, պատասխաններ և մտքեր, որոնք էլ իրենց հերթին կառաջացնեն նոր հարցեր: Դա անվերջանալի մի համակարգ  է, հետադարձ կապի մեխանիզմ:

 Որոշ հոգեբաններ նշում են, որ ինտուիցիան  ոչ գիտական, ոչ բանական ֆենոմեն է, բայց այն տրամաբանական չէ այնքան ժամանակ, որքան  ժամանակ դեռ չի բացահայտվել: Այնուամենյանիվ յուրաքանչյուր գիտություն սկսվում է հիպոթեզից: Այսպիսով ամենահաջողակ, ստեղծագործական և յուրօրինակ գաղափարները կանխարտացոլման ծնունդ են, բանականության ինսայթ՝  էվրիկա:

Վահան Ենգիբարով` հոգեբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել