«Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից: Իսկ արդեն երեկ լցվեց նաև բանակի «համբերության բաժակը», և եղավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բոլոր կորպուսների հրամանատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկի հետ:
«Փաշինյանը, պարզապես, փորձում է պատճառներ հորինել»
-Պարո՛ն Ցիգանոկ, ըստ էության, Փաշինյանն ակնարկում էր, որ ռուսական «Իսկանդերը», չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:
- Առաջին հերթին կարծում եմ՝ խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի ցանկացել սովորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառայողները սովորում են ընդամենը երեք ամիս՝ մեկ տարի սովորելու փոխարեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ «Իսկանդերները», որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել: Նույնպիսի իրավիճակ էր, երբ ուկրաինացիները կիրառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում: Ինչո՞ւ, որովհետև նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հատուկ պայմաններում: Երկրորդ՝ տեխնիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով, որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ անձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է՝ իբրև թե զինտեխնիկան աշխատունակ չէր: Էլի եմ ասում՝ գլխավոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը և, բացի այդ, ռուսական տեխնիկան պետք է ուսումնասիրել ռուսաց լեզվով:
- Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացառում Նիկոլ Փաշինյանը:
- Քահ-քահ-քահ... (ծիծաղում է, - հեղինակ): Ես շատ ուշադիր հետևել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղությամբ, և երբ եղավ պայթյունը: Այդպես երբեք չի լինում: Ընդգծում եմ՝ այդպես պար-զա-պես չի լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին: Կամ էլ կա այլ տարբերակ՝ տեխնիկան պատրաստված չէր, որովհետև հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով՝ մի տարվա փոխարեն, իսկ հրետանավոր սպան հավանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել և բաց է թողել հրահանգներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղակի զինամթերքը չի պայթում: Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել: Բայց նախևառաջ թող ինքը պատասխանի՝ եթե ցանկանում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնուրույն ինչ-որ բան անել և դրա պատճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան։
-Որոշ շրջանակներ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:
- Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը: Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, «Իսկանդերներն» ընդհանրապես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետև վարչապետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթությանն ու պատրաստվածությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: