1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվել է Ալիսա Գրիգորյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում չդատված Ալիսան չարաշահել է իր մտերիմ ընկերուհու՝ Սաթիկի վստահությունը և խաբեությամբ տիրացել նրա... ո՛չ, ոչ թե ամուսնուն, այլ 17 հազար 500 դրամ գումարին:
Մեղադրանքի մեջ չգիտես թե ինչու հատուկ նշված է՝ «իր մտերիմ ընկերուհու վստահությունը»: Բնութագրող նրբերանգ կա, անշուշտ. անծանոթի կամ առնվազն ոչ մտերիմ ընկերուհու վստահությունը չարաշահելը, երևի, պակաս պարսավելի կլիներ:
Այս տարի լրանում է Ալիսայի 45 տարին: Իսկ նա հոբելյանական այս տարում «հրաշքների աշխարհի» փոխարեն ստիպված պիտի լինի գնալ ու գալ դատարան՝ փորձելով հիմնավորել իր դիրքորոշումը:
Իսկ նախաքննական մարմնի դիրքորոշումն այն է, որ Ալիսա Գրիգորյանը կատարել է խարդախություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:
Ալիսա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:



