«Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ որոշեց տեղեկատվություն տարածել փետրվարի առաջին 15 օրերին Հայաստանում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արձանագրված շրջանառությունների վերաբերյալ: Նման բան անելը, այն էլ ամսվա կեսի կտրվածքով, այնքան էլ լուրջ չէ:
Լուրջ չէ ոչ միայն այն պատճառով, որ ժամկետը կարճ է, այլև այն պատճառով, որ անկայունության այս ժամանակահատվածում ցուցանիշներն ու միտումները շատ արագ են փոխվում: Ուստի, եթե նման դիտարկումներ են ներկայացվում նպատակահարմար է գոնե ամսվա կտրվածքով ներկայացնել: Բայց ՊԵԿ-ը որոշեց առաջ ընկել և չսպասել ամսվա ավարտին:
«ՊԵԿ վերլուծություններով հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Մասնավորապես՝ 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով՝ շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3 տոկոսով: Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով: Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս՝ սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն:
Թե ինչո՞ւ հենց հիմա ՊԵԿ-ը որոշեց նման տեղեկատվություն տարածել, պարզվեց 1-2 օր անց:
Հիմնվելով Պետեկամուտների կոմիտեի հայտարարության վրա՝ կառավարության հերթական նիստին վարչապետը ազդարարեց, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Սկսել է վերականգնման փուլը:
«ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով: Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը:
Թե որքանով է տնտեսությունը մտնում վերականգնման փուլ, դեռ շատ առիթներ կլինի անդրադառնալու: 15 օրն այն ժամանակահատվածը չէ, որը կարող է թույլ տալ խոսել տնտեսության վերականգնման փուլ մտնելու մասին:
Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում սպասել: Սովորության համաձայն՝ փորձում է լուն ուղտ սարքել ու ներկայացնել հանրությանը: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ տնտեսությունը վերականգնվում է, իսկ սպառումը՝ ավելանում:
Այդպես էլ մարդը չհասկացավ, որ տնտեսության նկատմամբ չի կարելի այդքան պրիմիտիվ ու անլուրջ մոտեցում ցուցաբերել: ժամանակին էլ աննախադեպ տնտեսական աճերից էինք խոսում՝ ինչ-ինչ ցուցանիշներ հրապարակելով: Տեսանք, թե մեր աննախադեպ աճող ու բարգավաճող տնտեսությունն ինչպիսի արագությամբ ու ինչպիսի տեմպերով փլվեց:
Ու այդքանից հետո շարունակում ենք առաջնորդվել նույն սկզբունքներով: Խաբել ու խաբում ենք հասարակությանը՝ կեղծ ազդակներ հաղորդելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: