Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ «գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժամանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անդամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:
«Երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է...»,- ընդգծեց երրորդ նախագահը:
Ուրեմն, ի՞նչ են մտածում ՀՀ ԳՇ նիկոլյան ժամանակաշրջանի պետերն այդ մասին: 44-օրյա պատերազմի բացթողումների, Շուշիի առեղծվածի, բանակի առաջնահերթությունների, և թե որքանո՞վ է բանակը առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավերներին, հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:
-Պարո՛ն Դավթյան, ինչու 44-օրյա պատերազմը ավարտվեց նման ելքով՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորած հերոս տղաներ, գերեվարվածներ և Արցախի տարածքի զգալի կորուստներ: Ո՞րն էր այս պարտության գլխավոր բացթողումը:
-44-օրյա պատերազմում եղել են և՛ թերություններ, որոնք, այո՛, կարող էին չլինել, և՛ բացթողումներ: Բայց որպեսզի կարողանանք մանրամասն ներկայացնել բացթողումների պատճառները, պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք, ես չունեմ:
Ես կարող եմ մի բան հստակ ասել, հակառակորդը եղել է բավականին ուժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել են մինչև վերջին շունչը: Ի վերջո, 44 օր մարտական գործողություններ են իրականացվել, և ամբողջ մարտական գծի երկայնքով հակառակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ որ եղավ, եղավ վերջին օրերին, ինչ- որ բան այնպես չգնաց: Չեմ կարող ասել ինչ, որովհետև ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վեր հանվեն: Ինքս պատրաստ եմ ներգրավվել ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի վեր հանենք պատերազմի արդյունքների պատճառները:
-Պարո՛ն Դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հետաքրքիր է Ձեր տեսակետը՝ Շուշին գրավվե՞ց, թե՞ հանձնվեց:
-Շուշիի հետ կատարվածն ինձ համար առաջին հերթին մեծ ցավ է, ողբերգություն: Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այնտեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների համար է անհասկանալի: Այնպես որ, ինչպես ողջ պատերազմի նման ելքի, այնպես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պահին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:
-Առկա ռեսուրսներով բանակը պատրա՞ստ է դիմակայել հակառակորդի մարտահրավերներին՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիևի ախորժակը գնալով մեծանում է:
-Եթե նկատի ունեք նորից նման կարգի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցանկացած պարագայում պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելուն, հիմա այդ խնդիրը ինչքանո՞վ է կլինի արդյունավետ, կամ որքա՞ն կորուստներ կունենանք, դա երկրորդ հարցն է: Իսկ, ընդհանուր առմամբ, բանակը, եթե ունենա անգամ մեկ ստորաբաժանում և մեկ զորամաս, միևնույնն է պատրաստ է իր խնդիրը կատարելուն: Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով նկատի ունենանք այսօրվա սահմանների պահպանումը, ապա այո, միանշանակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վարելը նկատի ունենանք, ապա շատ դժվար կլինի արդյունքները կանխատեսել:
-Պարոն Դավթյան, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը, այնուամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որոնք են այսօր բանակի առաջնահերթությունները:
-Իմ համոզմամբ՝ բանակը առաջին հերթին պետք է դուրս գա այս ծանր վիճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնահերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրումից, կարևոր տեղ պետք է հատկացվի սպայական կազմի համալրմանը՝ հատկապես դասակի հրամանատարներով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասկացությունը հավատա բանակին, ծառայությանը, որպեսզի հայորդիները նորից ցանկություն ունենան դառնալ սպաներ և շարունակեն ծառայությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: