365news.am-ը գրում է․

Նարեն Ստեփանակերտից է. մասնագիտությամբ ռադիոլոգ: Հանրապետական հիվանդանոցի  ՄՌՏ-ի միակ մասնագետն է: Պատերազմից հետո որոշել է արձակուրդից մի քանի օրն անցկացնել Երևանում: 44 օր կյանքի համար պայքարելու, չկորտվելու, ժպտալու, արցունքների մասին է նրա պատմությունը, երկու տարբեր իրականության՝ պայքարող զինվորի և ամերիկանո վայելելու, ռմբակոծությունների տակ վիրահատությունների և պաղպաղակ ուտելու մասին է:

365news.am-ի հետ զրույցում Նարեն պատմել է պատերազմական իր նոթերի մասին:

«Նարե, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ»

Սեպտեմբերի 27-ին քրոջս ծնունդն էր, կեսգիշերին նրա համար անակնկալ էինք պատրաստել: Այդ օրն ուշ քնեցինք, պատուհանից այն կողմ ձայներ էին լսվում, առավոտյան արթնացա մորս ձայնից՝ Նարե, դուրս ենք գալիս, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ: Հասկացա՝ ինչ է կատարվում: Բոլորը հավաքվել էին նկուղում՝ խուճապ էր, մարդիկ արտասվում էին: Եղբայրս Երևանում է սովորում, երբ իմացել էր, որ պատերազմ է, տաքսի էր նստել և եկել Ստեփանակերտ:

Հասկացա, որ չեմ կարող նկուղում անգործ նստել, մայրիկիս ասացի՝ դուք մնացեք, ես գնամ հիվանդանոց: Ընկերներիս ասում եմ՝ ամառային հագուստով գնացի, նոյեմբերի 7-ին՝ տարհանման օրը, ձմեռային հագուստով դուրս եկա հիվանդանոցից:

Պտտվեցի հիվանդանոցում, ուզում էի հասկանալ՝ ինչո՞վ կարող եմ օգնել, առաջին բուժօգնության գործն ամենաշատն էր և ամեն ժամը մեկ վիրավորների մեծ քանակ էին բերում: Մեկի մի ձեռքը չկար, մյուսի՝ ոտքը, մյուսի դեմքն այնքան վնասված էր, որ անճանաչելի էր:Շուշիի մշակութային տան ռմբակոծության օրն ամենածանրն էր, իսկ հետևանքները՝ սարսափելի: Այդ օրն այսօրվա պես հիշում եմ: Նայում էիր վիրավորների դեմքին ամբողջությամբ վնասված էին, բայց ինքը խոսում է, երկու ոտք, երկու ձեռք չկա, երկաթյա սյուները մխրճվել էին մարդկանց մարմնի տարբեր մասերում: Բուժքրոջն ասում եմ՝ «շպրիցը» տուր, նայում եմ՝ արտասվում է: Ասացի՝ կամ գնա, կամ տեղն ասա ես կվերցնեմ: Բժիշկների հարազատներից մեծ մասը կռվի դաշտում էին և ամեն նոր վիրավորների հոսքի հետ մտածում էին՝ իրենց հարազատին էլ կարող է բերեն:

Հիվանդանոցի լույսերն անջատած էինք աշխատում, մթության մեջ լուսավորում էին մեր հեռախոսների փոքրիկ լույսերը:  

«Սովորաբար տղաների գրպաններում աղոթագիրք էր, սիրելիի լուսանկարը, խաչ. շատ հուզիչ էր»

44 օր ապրել ենք հիվանդանոցում, քնում էինք միջանցքում՝ ներքնակների վրա, ով որտեղ կարողանում էր: Հիվանդանոցը մի քանի շենքից է, պոլիկնիկա տանող ճանապարհն անցնում է միջանցքով, որն ամբողջությամբ ապակիներով է և սյուների վրա, այսինքն՝ մոտիկ խփելու դեպքում փուլ կգար: Բավականին վտանգավոր էր հիվանդին տեղափոխել այդ ճանապարհով, բայց այդպես, մոտավորապես, 10 օր աշխատել ենք: Լույսերն անջատում էինք և փորձում մաքսիմալ մթության մեջ աշխատել:

Պոլիկլինիկայի կողքին ծննդատուն էր, որի վրա էլ ընկել էր ԱԹՍ-ն: Առաջին հարկում էինք, այնքան ուժեղ դղրդոց եկավ, և պատուհանները կոտրվեցին միանգամից: Հարվածի ժամանակ վիրավորներ էին բերում, առաջին բուժօգնության աշխատակիցներն այդ ժամանակ սկսեցին արագ օգնություն ցուցաբերել, և ոչ ոք ապահով տեղ չտեղափոխվեց:

Վիրավորների մարմինների վրա թվեր էին գրած, որովհետև նրանք գիտակցություն չունեին, նրանց համարակալում էինք, որովհետև ոչ մի տվյալ չկար նրանցից: Սովորաբար բոլորի գրպաններում աղոթագիրք էր, սիրելիների լուսանկաները, գումար, խաչ. շատ հուզիչ էր: Մեզ ասում էին՝ հեռախոսս զանգում է, վերցրու մայրս է, ասա, որ լավ եմ: Հակառակն էլ էր լինում, զինվորի հեռախոսը զանգում էր, բայց նա զոհվել էր, չգիտեինք՝ ով պատասխաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել