Sputnik Armenia-ն գրում է.

106 զոհերի անուններն էլ անհետ կորածների ցուցակում են եղել: Որոնողական աշխատանքները փետրվարի 17-ին դադարեցվել են ադրբեջանական կողմի պահանջով։

Փետրվարի 16-ին Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների դիակների փոխանցման դեպքն աննախադեպ չէր: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ նախկինում ևս նման դեպքեր եղել են:

«Անցած երկու ամսվա ընթացքում մեկ անգամ հայկական կողմին է փոխանցվել 30, մեկ անգամ՝ 31 դիակ: Եղել են դեպքեր, երբ մեկ կամ մի քանի զինծառայողի դի է փոխանցվել: Պարզապես աննախադեպ էր 106 թիվը»,- ասաց նա:

Թադևոսյանը հայտնեց նաև, որ 106 զոհերի անուններն էլ անհետ կորածների ցուցակում են եղել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուններ:

Բոլոր մարմիններն անճանաչելի են: Ենթադրվում է, որ դիերը նախապես հուղարկավորված են եղել և արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից:

«Այս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից մեր տղաների դիակների փոխանցման երկրորդ դեպքն է: Եղել է նախօրեին մեկ դիակ Մատաղիսի կողմից և երեկվա 106-ը»,- ասաց Թադևոսյանը:

Նա նաև նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր դադարեցված են ադրբեջանական կողմի պահանջով, եղանակային պայմանների պատճառաբանությամբ:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված դիերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 1485 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել