Politik.am-ը գրում է․
Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով ՍԴ նախագահի պաշտոնում հայտնված Արման Դիլանյանի ընտրությունը և հետագա գործունեությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնց համադրությունը ցույց է տալիս, որ դա գործող իշխանության դավաճանական ծրագրի մի մասն էր կազմում։
Նշված գործընթացում միակ խնդրահարույց մարմինը, որը կարող էր խափանել Արցախը թշնամուն հանձնելու իշխանությունների դավաճանական նախապես մշակված ծրագիրը՝ Սահմանադրական դատարանն էր (ի դեպ, դեռևս գործընթացն իրավական առումով ավարտված չէ, և չպետք է բացառել, որ ի վերջո, նման փաստաթուղթ դրվի շրջանառության մեջ)։
Արդեն շատերի համար պարզ է, թե ինչ նպատակ ունեին կյանքի-մահվան գնով այդ մարմնի մեծամասնությունից, մասնավորապես՝ ՍԴ նախագահից ազատվելու շուրջ երկու տարվա ջանքերը, որևէ արժանիք չունեցող Վահե Գրիգորյանին ՍԴ գործուղելը, այնուհետև՝ Վլադիմիր Վարդանյանի սանիկ Դիլանյանին ՍԴ նախագահ կարգելը։
Այժմ փաստ է, որ ՍԴ նախագահի պաշտոնում հայտնված Դիլանյանը, ով արագ կարգով հայտնվել է Գրիգորյանի փաստացի ազդեցության ներքո և որի միջոցով վերջինս ղեկավարում է Սահմանադրական դատարանը, փորձում է լուծել իշխանությունների քաղաքական բոլոր պատվերները կյանքի կոչելու հարցը։ Դրա մասին են վկայում նաև ՍԴ կայացրած որոշումները. Ի վերջո, նա շատ լավ հասկանում է իր խոցելի կարգավիճակը՝ պայմանավորված ոչ օրինական ճանապարհով այդ պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով։
Պաշտոնը ստանձնելուց 52 օր հետո նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ (երկուսն էլ տեղի են ունեցել նույն օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, ինչն արդեն տարակուսանքի հիմք է հանդիսանում)։ Ակնհայտ է, որ այդ հանդիպումները այլևս չէին կարող պայմանավորված լինել Դիլանյանի պաշտոնը ստանձնելով, քանզի դրանից տևական ժամանակ էր անցել։ Եթե դա փորձ արվի մեկնաբանել պատերազմի հանգամանքով, ապա դու նույնպես լուրջ չի ընկալվի, քանզի այդ ժամանակ ևս շարունակվում էր պահպանվել ռազմական դրության իրավական ռեժիմը։ Ընդ որում, ՍԴ իրեն հարգող ոչ մի նախագահ չի գնա հանդիպման իշխանության որևէ այլ ճյուղի ղեկավարի մոտ՝ շնորհավորանք մուրալու կամ նրանց հետ որևէ հարց քննարկելու նպատակով, քանզի ներկայացնում է իշխանության ինքնուրույն և անկախ ճյուղ։ Նշվածը կարող է դիտարկվել ոչ այլ ինչ, քան ուղիղ միջամտություն Բարձր դատարանում արդարադատության իրականացմանը, քանզի պարզ չեն և չեն կարող պարզ լինել այդօրինակ հանդիպումների շարժառիթներն ու դրդապատճառները, առավել ևս՝ երբ տվյալ պահին ՍԴ-ում քննվում են հանրային մեծ հնչեղություն ունեցող և օրվա իշխանությունների համար քաղաքական առումով անթաքույց հետաքրքրություն ներկայացնող գործեր։
Նշված հանդիպմանը հաջորդում են Դիլանյանի ինտենսիվ հանդիպումները հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների հետ, որոնք տեղի են ունեցել Դիլանյանի նախաձեռնությամբ (հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, որ միաժամանակ մոտ 10 դեսպան ցանկություն հայտնեն հանդիպել Հայաստանում մեկ պաշտոնյայի հետ, այն էլ՝ դատական իշխանությունը ներկայացնող, ինչպես վկայում է նախկին պրակտիկան)։
Չի բացառվում, որ վարչապետի և ԱԺ նախագահի ընդունելությանն արժանացած և այդ կապակցությամբ դիմակի տակից չքողարկվող լայն ժպիտով ոգևորություն ապրող Դիլանյանին հանձնարարական է տրվել իշխանությունների կողմից․ անկողմնակալ թվացող դատական իշխանության ղեկավար պաշտոնյայի կողմից հատուկ ուղերձների փոխանցում կամ «հատուկ առաքելության» իրականցում, որպիսի ենթադրության համար հիմք են նաև հետևյալ հանգամանքները.
Դիվանագիտական արարողակարգով ընդունված չէ դեսպանների քաղաքավարական հանդիպումների պրակտիկան դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Դրա համար կան շատ հստակ հիմնավորումներ․ դեսպանները փաստացի հանդիսանում են իրենց երկրների քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ, հետևաբար՝ նրանց գործունեությունը և առաքելությունը գրեթե առնչություն չունի դատական իշխանության ճյուղի հետ, որի կողմից իրականացվող արդարադատությունը պետության ներքին խնդիրն է, և որին միջամտելն արգելված է, ՍԴ մասին օրենքով բառ անգամ չի նախատեսում ՍԴ կամ նրա նախագահի միջազգային գործունեության մասին, պրակտիկայում, որոշ բացառություններով, ՍԴ միջազգային գործունեությունը սահմանափակվել է տարբեր երկրների համանման մարմինների հետ սահմանադրական արդարադատությանը վերաբերող գիտական և այլ հարցերում փորձի փոխանակմամբ, որոնց հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ արդարադատության ոլորտի հետ կապ չունեցող դեսպանները։ Այդ առումով թերևս բացառություն կարող են լինել երկու երկրների դատական իշխանությունների միջև առկա հանդիպումներին դեսպանների ձևական մասնակցությունը։
Հանդիմումներն իրականացնում են այն երկրների դեսպանների հետ, որոնք իրենց քաղաքականությամբ ունեն ակնհայտ հակառուսական տրամադրություններ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ԱՄՆ դեսպան, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ, հաջորդիվ՝ Լեհաստանի, Հունաստանի, Լիտվայի, Չեխիայի և Գերմանիայի դեսպաններ (բացառությամբ ՌԴ դեսպանի հետ հանդիպման, որը կարող էր լինել տպավորություններ շեղելու փորձ)։
ՍԴ միջազգային հարաբերությունների գծով պատասխանատուն հանդիսանում է Դիլանյանի օգնական Արմենակ Մինասյանցը, ով կազմակերպում է նշված հանդիպումները, մասնակցում դրանց, վերահսկում։ Նշված անձը Գրիգորյանի մտերիմն է, հայտնի է նաև Սորսական հիմնադրամից սնվող կազմակերպությունների և ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության սորսական թևի պատգամավորների հետ իր անմիջական կապերով։ Իսկ միջազգային կապերի բաժինը կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերացվել է։
Սակայն այս ամենը չի նշանակում, որ Դիլանյանը չի փորձում ինքնուրույնության նշաններ ցույց տալ. ի վերջո նվաստացուցիչ է լինել Գրիգորյանի ենթական.
Հնարավոր է, որ դեսպանների հետ հանդիպումների շարքը նպատակ ունեին նաև լեգիտիմացնելու իր խոցելի իրավական կարգավիճակն այն պարզունակ մեկնաբանությամբ, որ եթե դեսպաններն ընդունում են հանդիպման առաջարկը, նշանակում է, որ նրանք ընդունում են իր իշխանության օրինականության փաստը։
Բացի այդ, նա ՍԴ-ն լցնում է նաև տարբեր ոչ կոմպետենտ, սակայն իր կադրերով՝ նրանց համար ստեղծելով նաև չնախատեսված հաստիքներ. օրինակ, վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ նա ՍԴ աշխատակազմում ստեղծել է օրենքով գոյություն չունեցող ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալի անօրինական հաստիք և այդ պաշտոնում նշանակել ժամանակին իր հետ միասին, բառիս բուն իմաստով, ասֆալտին փռված բարձրագույն կրթություն չունեցող մի աշխատակցի։ Կամ ստեղծել է միջազգային պայմանագրերի բաժնի պետի օգնականի հաստիք (այլ՝ ավելի ծանրաբեռնված բաժիններում նման հաստիք չկա)՝ հատուկ իր նախկին ղեկավարի՝ Վլադիմիր Հովհաննիսյանի թոռան համար, ով ընդամենը երկրորդ կուրսի ուսանող է։