Green Turtle-ը ստորջրյա բոտի նոր կոնցեպտ է, որը զբաղվելու է ծովափնյա գոտիներում պլաստիկե թափոնների հավաքմամբ։ Այն, որ ինժեներներն սկսել են զանգվածաբար ստեղծել ռոբոտներ՝ շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված, հրաշալի միտք է։

Մոդելն անվանել են Green Turtle, ինչը թարգմանաբար նշանակում է «Կանաչ կրիա»։ Ռոբոտին տվել են օվալաձև կոնֆիգուրացիա և զինել են չորս թևերով, որոնք կրիայի վերջույթներ են հիշեցնում։ Կրիան ունի 2,5 մ երկարություն։

Green Turtle-ը կշրջի ջրային տարածքում՝ փնտրելով պլաստիկե առարկաներ և այլ աղբ։ Այն կկլանի գտնված աղբը և կշարունակի առաջ լողալ։ Երբ ռոբոտի պահուստը կլցվի, այն կվերադառնա սկզբնական վիճակին, կմաքրի պահուստը, ապա նորից կվերադառնա ջուր։ Green Turtle-ը ևս մեկ մեծ առավելություն ունի. դրա կորպուսն ամբողջությամբ կենսաքայքայվող է, հետևաբար դրա գործողության ժամկետի ավարտից հետո այն իր հերթին չի աղտոտի բնությունը։

Իսկ ինչու՞ է ռոբոտն անվանվել հենց «Կանաչ կրիա»։ Պատճառները մի քանիսն են։ Մեքենան իմիտացնում է կրիայի որոշ գործողություններ. կանաչ կրիաները ևս ապրում են ծովերում՝ ափից ոչ շատ հեռու։ Այնտեղ նրանք սնունդ են հայթայթում և բազմանում։ Կենդանիները սնվում են ջրիմուռներով, փոքր ձկներով։ Նույն սկզբունքով էլ աշխատելու է ռոբոտը՝ կլանելով աղբը։

Կրիաներն ընդհանրապես դանդաղ են լողում, և նրանց էլեկտրական կրկնօրինկը ևս այդ կերպ է գործելու. արագության կարիք չկա։ Ռոբոտն ստեղծող ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկանում են հասարակության ուշադրությունը հրավիրել Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության հիմնախնդրին։ Մասնավորապես՝ ծովային կրիաներն ու այլ կենդանիներ հաճախ կուլ են տալիս պլաստիկ՝ մտածելով, որ դա սնունդ է, ինչի հետևանքով էլ հիվանդանում են և մահանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել