Կարծիք կա, որ Ստալին առաջնորդը չուզեց փրկել իր որդուն այն բանի համար, որ նրա նկատմամբ ջերմ հայրական սեր չէր տածում, նրան համարում էր դյուրագրգիռ և անհաջողակ: Այդպե՞ս է արդյոք: Պետք է ասել, որ իր ավագ որդու դաստիարակությամբ Իոսիֆ Ստալինն իրոք չի զբաղվել: Յաշան ծնվել էր 1907-ին և 6 ամսական հասակում որբացել: Նրա մայրը` Ստալինի առաջին կինը` Կատո Սվանիձեն, տիֆից մահացավ, և Յաշային իր հոգածության տակ վերցրեց տատը: Երեխան համարյա ոչինչ չգիտեր իր հեղափոխական հոր մասին, որը զբաղված էր ընդհատակյա աշխատանքով: Յաշան Մոսկվա տեղափոխվեց միայն 1921-ին, երբ Ստալինն արդեն մեծ մարդ էր:
Նա երկրորդ անգամ էր ամուսնացել և ուներ երկու երեխա նրանից` Սվետլանան և Վասիլին: 14-ամյա Յաշան, որը մեծացել էր գավառում և վատ էր խոսում ռուսերեն, դժվար էր հարմարվում մոսկովյան կյանքին և հոր նոր ընտանիքին: Ստալինը միշտ դժգոհ էր նրա ուսումից` սկզբում դպրոցում, հետո ճարտարագիտական ինստիտուտում և զինվորական ակադեմիայում: «Ժողովուրդների հորը» դուր չէր գալիս նաև Յակովի անմիտ անձնական կյանքը: Երբ նա 18 տարեկան էր, հայրը արգելեց ամուսնանալ 16 տարեկան աղջկա հետ` «Շուտ է»: Հուսահատությունից դրդված Յակովը փորձեց ինքնասպան լինել, բայց անհաջող: Ստալինը նրան «խուլիգան և նենգաբարո» անվանեց ու «հեռացրեց իրենից»` «Թող ապրի ուր ուզում է և ում հետ ուզում է»:
Հայրը չխրախուսեց որդու կապը Օլգա Գոլիշևայի հետ` Ուրյուպինսկ քաղաքից: Յակովը ուսանողուհուց երեխա ունեցավ, բայց չամուսնացավ նրա հետ: 1936-ին Ստալինի ավագ որդին պաշտոնապես ամուսնացավ օդեսացի պարուհի Յուլյա Մելցերի հետ, որին խլեց ՊԱԿ-ի աշխատակից-ամուսնուց: Այն բանից հետո, երբ նորապսակներն ունեցան դուստր Գալյային, Ստալինը փափկեց և նրանց առանձնացրեց բնակարան Գրանովսկի փողոցում:
…Երբ 1941-ին հայտնի դարձավ Յակովի գերեվարման մասին, Յուլիային ձերբակալեցին` կասկածելով գերմանական հետախուզության հետ կապերի մեջ: «Այդ կինը, ըստ երևույթին, ազնիվ մարդ չէ,-ասաց Ստալինը աղջկան՝ Սվետլանային («20 նամակ բարեկամիս»), – գործը պետք է քննել… Յաշայի աղջիկն առայժմ թող մնա քեզ մոտ… » :
Երկու տարի Յուլյային հարցաքննելուց հետո ազատ արձակեցին:
Այն, որ իրականում Ստալինը սիրում էր իր ավագ որդուն և խորը զգացմունքներ ուներ նրա նկատմամբ, իր հիշողություններում պատմում է մարշալ Գեորգի Ժուկովը` վերապատմելով իր ոչ պաշտոնական զրույցը գերագույն հրամանատարի հետ պատերազմի սկզբում:
«Ընկեր Ստալին, ես վաղուց էի ուզում իմանալ ձեր որդի Յակովի մասին: Կա՞ն արդյոք տեղեկություններ նրա ճակատագրի մասին»,-հարցնում է Ժուկովը: Ստալինը երկար դադարից հետո խուլ ձայնով պատասխանում է. «Գերությունից Յակովը չի վերադառնա: Կգնդակահարեն նրան ֆաշիստները: Տեղեկությունների համաձայն` նրան պահում են մյուս գերիներից մեկուսացված և օգտագործում են քարոզչական նպատակով»:
Իբարուրիի գաղտնիքը
Տեղեկություններ կան, որ իրականում Ստալինը բազմիցս փորձել է Յակովին գերությունից ազատել: Գերմանական տարածք են ուղարկվել դիվերսիոն խմբեր` համակենտրոնացման ճամբարից Ջուղաշվիլուն առևանգելու նպատակով: Մի այդպիսի հատուկ գործողության մասին է պատմել Իվան Կոտենյովը`«Независимая газета»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` խումբը գիշերվա քողի տակ թռավ Գերմանիա: «Ֆաշիստների խորը թիկունքում վայրէջք կատարելուց հետո թաքցրինք պարաշյուտները, վերացրինք բոլոր հետքերը և լուսաբացին կապ հաստատեցինք միմյանց հետ… Մինչև համակենտրոնացման ճամբար մնացել էր երկու տասնյակ կիլոմետր: Պարզվեց, որ բոլորովին վերջերս Յակովին տեղափոխել էին ուրիշ ճամբար: Խումբը վերադառնալու հրաման ստացավ: Վերադարձը շատ ավելի դժվար եղավ: Դժբախտաբար, եղան զոհեր…»: Անհաջող ավարտվեց և երկրորդ փորձը: Այդ մասին իր հիշողություններում գրում է իսպանացի հայտնի կոմունիստ Դոլորես Իբարուրին: Խումբը ճակատի գիծ նետվեց 1942-ին` Զակենհաուզենի ճամբարից Յակովին առևանգելու առաջադրանքով: Բոլոր մասնակիցները զոհվեցին:
1943-ի ապրիլի 14-ին Յակով Ջուղաշվիլին դուրս վազեց իր բարաքից և «Կրակեք ինձ վրա» խոսքերով նետվեց դեպի փշալարերը: Ժամապահը կրակեց գլխին… Նրա մահվան հանգամանքները հայտնի դարձան միայն տարիներ անց, երբ հնարավոր դարձավ ձեռք բերել գերմանական արխիվները: Յակովի կնոջ` Յուլյայի և նրա աղջկա՝ Գալյայի մասին Ստալինը հոգ տարավ մինչև իր կյանքի վերջը: Ըստ Գալինա Ջուղաշվիլու՝ պապը իրեն վերաբերվում էր քնքշանքով և անընդհատ համեմատում էր զոհված որդու հետ` ասելով. «Նման է, նման…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել