Aravot.am-ը գրում է.

«Երեկ Գայանեն (թոռնիկը-Ն. Գ.) լացում էր, ուզում եմ գնամ Հադրութ, ամիի հանգիստարանը… էէէէ, բալա, հանգիստարան ա մնացոլ…». տիկին Անյուտան (իրեն այդպես են դիմում), չի կարողանում արցունքները զսպել, որդու գերեզմանն են թողել Հադրութում: Իրենց տունն էլ չկա`ամբողջությամբ այրվել է, Հադրութն էլ հայկական չէ… 14 հոգանոց ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Արմավիրի մարզի Արշալույս համայնքի մանկապարտեզում: Այստեղ այժմ 59 անձ է ժամանակավոր ապաստան գտել`11 ընտանիք: Սկզբում 135 անձ էին, մի մասը տեղափոխվել են`ՀՀ տարածքում վարձով բնակարաններ, մի մասը վերադարձել Արցախ: Մանկապարտեզի բնակիչները հիմնականում Հադրութի շրջանից են, կան նաեւ Քաշաթաղից, Շուշիից, Կարմրակուճից, Թահասեռից: Ստեփանակերտցիներն արդեն վերադարձել են:

Նրանք երեք անգամյա սնունդ են ստանում: Սանիտարահիգիենիկ եւ խոհանոցի աշխատանքները իրենք են հոգում`մանկապարտեզի աշխատակիցների հետ. նրանք հերթափոխով աշխատում են, որպեսզի իրենց հյուրերին միայնակ չթողնեն: Սնունդ եւ հագուստ ստանում են թե տարբեր բարեգործական ծրագրերից, թե գյուղի բնակիչներն են օգնում, թե գյուղապետարանը: Մանկապարտեզի անձնակազմից էլ շատ գոհ են, իրենց հարազատի նման են վերաբերվում: Մեր այցելության պահին տիկին Անյուտայի ընտանիքը Մարտակերտից հյուրեր ուներ: Տիկին Անյուտան տատից ժառանգած շնորհ ունի`դեղաբույսերով տարբեր թուրմեր է պատրաստում`սթրեսը հանող. երիտասարդ ամուսինները եկել են`տիկին Անյուտային տեսության` հաճելին ու օգտակարը համատեղելու ակնկալիքով: Անուշիկ Դավթյանը «Ղ տելեկոմի» նախկին աշխատակից է. «Ամուսինս զինվորական է, երեք կռիվ է տեսել, 1991 թվականին գրադն ինձի խփել ա, հայաթում կով էի կթում»: Մեծ որդին այդ ժամանակ  չորրորդ դասարանում էր սովորում, մյուսը`երկրորդ, աղջիկը` Նադեժդան, ծնվեց  «կռվի ժամանակ»`1990-ին: Մեծ տղան վազում է տատիկի տուն`տատին օգնության կանչելու`«բաբո գրադը մամային խփել ա»: Պատերազմի ավարտից հետո հայտնաբերում են, որ որդին առողջական խնդիր ունի`սրտի հետ կապված: Նա մահանում է 30 տարեկանում, հոր ձեռքերի մեջ…

Մյուս որդին`չորս երեխա ունի. ապրիլյան քառօրյային էլ է մասնակցել, վիրավորվել է ոտքից, 44-օրյայի ժամանակ նույնպես վիրավորվել է`դիպուկահարի կրակոցից`դարձյալ ոտքից: Դեռ ապաքինվում է, խնդիրը լուրջ է: Տիկին Անյուտան հիշում է 44 օրյա պատերազմի սկիզբը. «25-ից տղաս հերթապահության է մեկնել, 27-ին սկսվել է: Առավոտ բեզպիլոտնիկներ, սամալյոտներ, եկել են` բամբիտ արել: Դիվիզիան էլ մեր տան մոտն է, հենց դպրոցի մոտ, մենք էլ մնում էինք եկեղեցու մոտ…տկլոր-թաթար, գիշերանոցով ելել ենք, ասել եմ`Լիլո (հարսն է-Ն. Գ.)`զանգի երեխուս`տեսնեմ էս ի՞նչ է կատարվում: Երեխոցը երկուսը ես եմ վերցրել, երկուսը`ինքը, իջել ենք նկուղ: Իջել ենք, տեսանք`չէ~, ավելի է վատանում…ասեցի`չէ, էս լավ բան չի:

Զանգում եմ տղուս`տղես ասեց`վսյո, սկսվեց: Ես վատանում եմ, ճնշումս բարձրանում… մեկ էլ դու մի ասի, երեխաս ընկել ա թուրքի «զասադի» մեջ, ինձ էլ բան չեն ասում: Ով զանգում է տղայիս`թուրքն ա վերցնում: Զանգում է հարսիս մաման, թե Անյուտա, Հադրութի վրա «սմերչներ» են գալու, երեխեքը հանի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել