Blognews.am-ի զրուցակիցն այս անգամ երգչուհի Լուսինե Պողոսյանն է, ով պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ներկա է եղել Արցախում, որպես կամավոր: Լուսինեն կիսվեց մեզ հետ իր ապրումներով, թե ինչպե՞ս է հաղթահարել վախը, դժվարությունները և փոխել տեսակետները կյանքի հանդեպ:




Իմ մեջ ինչ որ գերբնական ուժ կար
, որ տանում էր ինձ Արցախ: Գիտակցելով,
որ կարող եմ անգամ չվերադառնալ: Մեկնել եմ սեպտեմբերի 30-ին, ինձ արդեն հարազատ դարձած Անյուտա Հակոբյանի հետ:
Առաջին օրը հյուրանոցում ենք աշխատել, երեք հյուրանոցային հարկ ենք մաքրել: Աշխատել եմ նաև «Ֆուդ-մուդ» կոչվող սննդի կետում մինչև հոկտեմբերի 5-ը: Այդտեղ ձևավորվեց մեր կամավորական փոքրիկ ընտանիքը ի դեմս Ժոռայի, Գեորգիի, Արամի և Արայիկի, որոնց իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Հոկտեմբերի 8-ից մեր կամավորական ընտանիքը տեղափոխվեց աշխատելու զինվորական հոսպիտալի ճաշարանում,զուգահեռ նաև առաջին բուժօգնություն էինք ցուցաբերել:
 
Հասկացա մի բան, որ կյանքում կան ավելի կարևոր արժեքներ, երբ կյանքի ու մահվան մեջտեղում ես, ամեն ինչին այլ աչքերով ես նայում: Կարող եմ ասել նաև, որ այլևս կյանքին նայում եմ այլ աչքերով և գնահատում ամեն րոպեն:


Նարեկ զինվոր




Անկախ ամեն ինչից իմ մեջ ամրացել է Հայրենասիրությունը: Ձեռք եմ բերել նոր ընկերներ, ինչի համար շատ ուրախ եմ:
 
Ինձ խոստացա, որ պետք է ապրեմ վայրկյանով և օրով, Աստծուց առաջ ընկնկել պետք չէ, դա միշտ ասել եմ:
 
 
Վիրավոր զինվորներին խոստանում էի երգել իրենց հարսանիքին, որպեսզի ոտքի կանգնեն, հավատացեք օգնում էր, ոտքի էին կանգնում: Մի քանիսի հետ անգամ հանդիպել եմ պատերազմից հետո ու ասել եմ՝ «շուտ ամուսնացեք, քանի չեմ ծերացել, որ երգեմ ձեր հարսանիքին»:


 
Այնտեղ ամեն վայրկյանը հիշվող էր: Մեր խումբը շատ հումորով էր: Լավ հիշում եմ բորշչ պետք է եփեինք ու կանաչի չկար, որոշեցինք ճաշարանի տնօրեն Նոնայի հետ գնալ ու իր սկեսուրի բակից կանաչի բերել, այն պահին, երբ դուրս եկանք ճաշարանի տարածքից, սկսեցին ռմբակոծել, ամբողջ ճանապարհին վախով գնացինք, ասում էի ինչ ամոթ է այսքան ժամանակ այստեղ եմ ոչինչ չեղավ ու բորշչի կանաչի բերելուց մի բան լինի: Մի խոսքով կատակներ էինք փորձում անել նույնիսկ այդ լարված իրավիճակում:
 
Այս ամենի հետ կապված երգ է գրվել, երաժշտության հեղինակ` Գուրո Գասպարյան, խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան: Ուզում էի երգս նվիրված լիներ մեր հաղթանակին, բայց ցավոք սրտի այս ամենը շատ վատ ավարտ ունեցավ: Բայց ես սա ամենևին պարտություն չեմ համարում, մենք դեռ ետ կբերենք այն ամենն ինչ դավաճանվեց ու ծախվեց:
Երգը կոչվում է «Զինվոր», այն տարբերվող է բոլոր երգերից, գրված է իմ ապրումներից ելնելով: Մոտ օրերս երգը կհանձնեմ հանդիսատեսի դատին :


Ռուստամ զինվոր





Սարգիս զինվոր


Չեմ կարող ներել այն երեխաների արցունքները
, որ ձեռքս սեխմում էին ու խնդրում օգնություն, ասելով, որ չեն ուզում մահանալ: Չեմ կարող ներել այն, որ կարելի էր այս ամենը կանգնեցնել մեկ ժամ շուտ, չեմ կարող ներել գիտակցաբար մարդկանց դեպի մսաղաց ուղեկցելը, վստահ եմ Աստված նույնպես դա չի ներելու: Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց գիտակցաբար, հասկանալով, որ դու առաջ շարժվելու տեղ չունես ջնջել մի ամբողջ սերունդ՝ դա աններելի է:
 
Այս ամենում կան մեղավորներ և ես վստահ եմ, նրանք արժանանալու են Աստծո դատաստանին: Անեծքից միշտ խուսափել եմ, բայց ուզում եմ, որ այս ամենի մեղավորները նույնքան անօգնական տեսնեն իրենց զավակներին և ոչինչ չկարողանան անել, ինչպես մենք չէինք կարողանում:


Արման զինվոր
 
 
Հավատում եմ այն մարդկաց ովքեր այսօր ոտքի են կանգնել: Սա այն պահն է, որ անկախ քաղաքական հայացքներից, սա քո հող ու ջրի պայքարն է, սա քո «Ես»-ի պայքարն է, քո երկրի անվտանգության պայքարն է:
 
Մեր երկրի ապագան լավ եմ տեսնում: Ես լավատես եմ, վստահ եմ, որ կունենանք արժանապատիվ վարչապետ:
 
Խորհուրդ եմ տալիս բոլորին լցվել հավատքով, քանի որ շատ ենք հեռվացել եկեղեցուց ու Աստծուց:
Կորցրել ենք սերը, ինչպես Ավետը գրել է իմ երգի մեջ ՝ «Կյանքն ու մահը չունեն էլ արժեք...», ես ավելի շատ ատելություն եմ տեսնում իմ երկրում, քան թե սեր:



Հարցազրույցը Լիյա Մարուխյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել