«Ծվեն-ծվեն եղած Արցախի քարտեզի վրա Մարտունին չներկվեց կարմիրով: Ինչպես նա­խորդ, այնպես էլ այս արցախյան պատերազ­մում այն մնաց կանգնուն՝ չնայած նրան, որ այս ուղղությամբ ևս եղան ոչ պակաս թեժ մարտեր ու անդառնալի մարդկային կորուստ­ներ: Հող չհանձնելու մարտունեցիների բանա­ձևի, պատերազմական դրվագների ու անելիք­ների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Մարտունի N զորամասի հրամանատար, գնդա­պետ Գոռ Իշխանյանի հետ:

-Պարո՛ն գնդապետ, Մարտունին մնաց անառիկ: Ձեր գնահատմամբ՝ հաջողության գրավականը Մարտունու աշխարհագրական դիրքն էր, ճիշտ մարտավարությո՞ւնը, թե Մարտանու դիրքերի հրամանատարների ու զինվորների բախտը, պարզապես, բերեց:

- Մարտունին մնաց անառիկ, հրամանատարների, զինվորների և մարտունեցիների համառ պայքարի ու մեր կողմից (ճիշտ մարտավարության, նախօրոք կայացրած ճիշտ որոշումների և կանխարգելիչ քայլերի շնորհիվ: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, Մարտունին անառիկ է եղել նա­և 90-ական թվականի պատերազմի ժա­մանակ՝ մարտունեցիների բարձր մար­տական ոգու շնորհիվ: Այդ մարտական ոգին մնացել է մարտունեցիներիս մեջ և փոխանցվել երիտասարդ սերնդին: Մեր զինվորները, ոչ մի քայլ հետ սկզբունքով, պաշտպանությունը կատարել են բառացիորեն: Մարտունու աշխարհագրա­կան դիրքը և առավել ևս զինվորների բախտը ոչ մի կապ չունեն: Ոչ մեկիս մտքով երբեք չէր անցնում, որ կարող է չդիմանանք և նահանջենք, այդպիսի սցենար չկար ոչ մեկի մտքում: Պայքարել ենք մինչև վերջ, իմ զինվորները նույ­նիսկ ձեռնամարտի են բռնվել, բայց չեն հանձնել դիրքը, մի քանի անգամ հա­կագրոհներ ենք կազմակերպել և հետ շպրտել հակառակորդին:

-Արցախյան մերօրյա պատերազմից հետո այդքան շատ չխոսվեց սպայի ու զինվորի սխրագործությունների, որքան դավաճանության և դասալքության մա­սին: Ի՛նչ իրավիճակ էր Ձեր հրամանա­տարության ներքո:

-Դա շատ ցավալի է, որ ավելի շատ դավաճանության մասին են խոսում՝ մո­ռանալով տղերքի կատարած սխրանք­ների մասին: Իմ հրամանատարության ներքո դավաճաններ չեն եղել, բոլորը համեստորեն կատարում էին իրենց խնդիրը: Այլ իրավիճակ էր դասալքու­թյան պահը կամավորականների կող­մից: Երեք պատերազմ եմ անցել և առա­ջին անգամ տեսա, որ հայ տղան փախ­չում է մարտի դաշտից: Ես դա տեսել եմ 90-ականներին, բայց թուրքերի մոտ, մինչև հիմա հիշում եմ, թե մեզ հեռվից տեսնելով՝ ինչպես էին մասսայական փախչում: Սակայն մտքովս երբեք չէր անցնի, որ 30 տարի անց կտեսնեմ դա իմ ազգի մեջ: Երբ այն մասսայական բնույթ կրեց, մի պահ նույնիսկ արտասվեցի: Ար­տասվեցի ոչ թե նրա համար, որ կամա­վորականները գնում են, և դրանով կթուլանամ ու չեմ կարող կատարել իմ խնդիրը, ամենևին՝ ոչ, իմ զորքը առանց նրանց էլ կատարելու էր իր խնդիրը և կատարել է, այլ արտասվեցի իմ ազգի համար, որ կան հայ տղաներ, որոնք փախչում են թուրքի առաջ, նույնիսկ թուրքին դեռ չտեսած: Ես հասկացա, որ մեր պապերի գենը փոխվում է ապագա սերունդների մեջ, որը շատ ցավալի է:

-Փաստորեն, կամավորներ ունեիք Ձեր հրամանատարության ներքո գտնվող դիրքերում, որոնք ավելի շատ խանգարե­ցին, քան օգնեցին:

-Շատ ունեի, որոնք ամեն օր խումբ-խումբ լքում էին դիրքերը՝ բերելով տար­բեր անհեթեթ պատճառաբանություններ, օրինակ՝ վարկս մուծելու օրն է, կինս պի­տի ծննդաբերի և առանց ինձ չի գնում ծննդատուն, մեզ խաբել են, ասել են 7 օրով եք գնում և այլ պատճառներ: Շատ քիչ տղերք են մնացել մինչև վերջ զին­վորի կողքին, շատ քիչ:

-Գիտեմ, որ այս պատերազմում զին­վորներ եք կորցրել... Որքան էլ դժվար է խոսել այդ մասին, ինչ կարող եք պատմել՝ մերձամա՞րտ էր, թե՝ «Բայրաքթարի» ու ԱԹՍ-ների հարված:

-Ավելի շատ ավիացիայից, հրետա­նուց ու ԱԹՍ-ներից...

-Այնուամենայնիվ կարելի՞ է համա­րել, որ գոնե Մարտունին հաղթել է այս պատերազմում:

-Դրանում ինչ կա կասկածելու, հաղ­թանակը էլ ո՞նց է լինում, Մարտունին կանգուն է, բնակչությունը վերադարձել է, կյանքը շարունակվում է:

-Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած զինվորական՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտ­պանության բանակի կազմալուծման մա­սին շշուկներին:

-Դրանք չար լեզուներն են տարա­ծում, նման բան չի լինելու:

-Լինելով փորձառու հրամանատար և զինվորական՝ ինչ առաջնահերթ անելիք­ներ եք տեսնում բանակում թե՛ զինպատրաստության, թե բանակի վերակազմակերպման առումով:

-Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ է համարում, պետք է իր ներդրումը ունե­նա բանակի և հայրենիքի վերականգն­ման գործում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել