«Ծվեն-ծվեն եղած Արցախի քարտեզի վրա Մարտունին չներկվեց կարմիրով: Ինչպես նախորդ, այնպես էլ այս արցախյան պատերազմում այն մնաց կանգնուն՝ չնայած նրան, որ այս ուղղությամբ ևս եղան ոչ պակաս թեժ մարտեր ու անդառնալի մարդկային կորուստներ: Հող չհանձնելու մարտունեցիների բանաձևի, պատերազմական դրվագների ու անելիքների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Մարտունի N զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի հետ:
-Պարո՛ն գնդապետ, Մարտունին մնաց անառիկ: Ձեր գնահատմամբ՝ հաջողության գրավականը Մարտունու աշխարհագրական դիրքն էր, ճիշտ մարտավարությո՞ւնը, թե Մարտանու դիրքերի հրամանատարների ու զինվորների բախտը, պարզապես, բերեց:
- Մարտունին մնաց անառիկ, հրամանատարների, զինվորների և մարտունեցիների համառ պայքարի ու մեր կողմից (ճիշտ մարտավարության, նախօրոք կայացրած ճիշտ որոշումների և կանխարգելիչ քայլերի շնորհիվ: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, Մարտունին անառիկ է եղել նաև 90-ական թվականի պատերազմի ժամանակ՝ մարտունեցիների բարձր մարտական ոգու շնորհիվ: Այդ մարտական ոգին մնացել է մարտունեցիներիս մեջ և փոխանցվել երիտասարդ սերնդին: Մեր զինվորները, ոչ մի քայլ հետ սկզբունքով, պաշտպանությունը կատարել են բառացիորեն: Մարտունու աշխարհագրական դիրքը և առավել ևս զինվորների բախտը ոչ մի կապ չունեն: Ոչ մեկիս մտքով երբեք չէր անցնում, որ կարող է չդիմանանք և նահանջենք, այդպիսի սցենար չկար ոչ մեկի մտքում: Պայքարել ենք մինչև վերջ, իմ զինվորները նույնիսկ ձեռնամարտի են բռնվել, բայց չեն հանձնել դիրքը, մի քանի անգամ հակագրոհներ ենք կազմակերպել և հետ շպրտել հակառակորդին:
-Արցախյան մերօրյա պատերազմից հետո այդքան շատ չխոսվեց սպայի ու զինվորի սխրագործությունների, որքան դավաճանության և դասալքության մասին: Ի՛նչ իրավիճակ էր Ձեր հրամանատարության ներքո:
-Դա շատ ցավալի է, որ ավելի շատ դավաճանության մասին են խոսում՝ մոռանալով տղերքի կատարած սխրանքների մասին: Իմ հրամանատարության ներքո դավաճաններ չեն եղել, բոլորը համեստորեն կատարում էին իրենց խնդիրը: Այլ իրավիճակ էր դասալքության պահը կամավորականների կողմից: Երեք պատերազմ եմ անցել և առաջին անգամ տեսա, որ հայ տղան փախչում է մարտի դաշտից: Ես դա տեսել եմ 90-ականներին, բայց թուրքերի մոտ, մինչև հիմա հիշում եմ, թե մեզ հեռվից տեսնելով՝ ինչպես էին մասսայական փախչում: Սակայն մտքովս երբեք չէր անցնի, որ 30 տարի անց կտեսնեմ դա իմ ազգի մեջ: Երբ այն մասսայական բնույթ կրեց, մի պահ նույնիսկ արտասվեցի: Արտասվեցի ոչ թե նրա համար, որ կամավորականները գնում են, և դրանով կթուլանամ ու չեմ կարող կատարել իմ խնդիրը, ամենևին՝ ոչ, իմ զորքը առանց նրանց էլ կատարելու էր իր խնդիրը և կատարել է, այլ արտասվեցի իմ ազգի համար, որ կան հայ տղաներ, որոնք փախչում են թուրքի առաջ, նույնիսկ թուրքին դեռ չտեսած: Ես հասկացա, որ մեր պապերի գենը փոխվում է ապագա սերունդների մեջ, որը շատ ցավալի է:
-Փաստորեն, կամավորներ ունեիք Ձեր հրամանատարության ներքո գտնվող դիրքերում, որոնք ավելի շատ խանգարեցին, քան օգնեցին:
-Շատ ունեի, որոնք ամեն օր խումբ-խումբ լքում էին դիրքերը՝ բերելով տարբեր անհեթեթ պատճառաբանություններ, օրինակ՝ վարկս մուծելու օրն է, կինս պիտի ծննդաբերի և առանց ինձ չի գնում ծննդատուն, մեզ խաբել են, ասել են 7 օրով եք գնում և այլ պատճառներ: Շատ քիչ տղերք են մնացել մինչև վերջ զինվորի կողքին, շատ քիչ:
-Գիտեմ, որ այս պատերազմում զինվորներ եք կորցրել... Որքան էլ դժվար է խոսել այդ մասին, ինչ կարող եք պատմել՝ մերձամա՞րտ էր, թե՝ «Բայրաքթարի» ու ԱԹՍ-ների հարված:
-Ավելի շատ ավիացիայից, հրետանուց ու ԱԹՍ-ներից...
-Այնուամենայնիվ կարելի՞ է համարել, որ գոնե Մարտունին հաղթել է այս պատերազմում:
-Դրանում ինչ կա կասկածելու, հաղթանակը էլ ո՞նց է լինում, Մարտունին կանգուն է, բնակչությունը վերադարձել է, կյանքը շարունակվում է:
-Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած զինվորական՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին շշուկներին:
-Դրանք չար լեզուներն են տարածում, նման բան չի լինելու:
-Լինելով փորձառու հրամանատար և զինվորական՝ ինչ առաջնահերթ անելիքներ եք տեսնում բանակում թե՛ զինպատրաստության, թե բանակի վերակազմակերպման առումով:
-Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ է համարում, պետք է իր ներդրումը ունենա բանակի և հայրենիքի վերականգնման գործում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: