Երբ համակարգն ի սկզբանե սխալ է ձևավորվում, այն միշտ այսպիսի ավարտ է ունենում: Խոսքն այստեղ գնում է տրանսպորտի համակարգի մասին, և կապ չունի, թե վերջինս քաղաքայի՞ն նշանակության տրանսպորտն է, թե՞ հանրապետականը:

Հանրության կողմից «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսաք Համբարձումյանի և քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականների պահանջին ավելացավ մի նոր պահանջ ևս` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Ավտովարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, լիգայի անդամները և «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Դոստուրյանը: Եկեք ինքներս մեզ հարց տանք` տրանսպորտի բնագավառում հիմնականում ինչի՞ց է դժգոհ ժողովուրդը:

Պատասխանների հնարավոր տարբերակ կարող են լինել հետևյալները.

• սպասարկման ցածր որակ,

• ոչ պատշաճ հիմնավորումով բարձր սակագներ,

• զեղչային համակարգի բացակայություն (խոցելի խմբեր, անապահովներ),

• տրանսպորտի սպասարկման պատշաճ գրաֆիկի իսպառ բացակայություն,

• վարորդների որակական չափանիշների վերահսկողության պակաս,

• ավտոկանգառների, կայանատեղերի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ընդունված անհիմն որոշումներ (անհիմն, քանի որ, համաձայն այդպիսի որոշումներից մեկի, կայանատեղերից օգտվելու համար գումար գանձողը մեքենայի անվտանգության համար ոչ մի պատասխանատվություն չի կրում, տեղադրված տեսախցիկները ծառայում են միայն մեքենաների կայանելու ժամանակահատվածը ֆիքսելու համար, փաստորեն տեսախցիկը անվտանգության ապահովման համար ֆունկցիոնալ չէ),

• կայանատեղերի համար վճարման մեխանիզմն այնպես է սահմանված, որ սովորական քաղաքացին ապահովված չէ անտեղի տուգանվելուց: Մի կողմից արդարացված չէ վճարման ժամկետը, մյուս կողմից էլ` վճարման եղանակը, չէ՞ որ կարող ենք նշել բազմաթիվ դեպքեր, երբ տեղում հաղորդագրություն ուղարկելը ֆիզիկապես կամ անհնար է, կամ էլ ինչ-ինչ պատճառներով քաղաքացու մոտ բացակայում է բջջային հեռախոսը, հեռախոսի մեջ այդ պահին գումար չկա` չնայած վերջինս պատրաստ է վճարել կանխիկ և այսպես շարունակ: Հաշվի առնելով վերոնշյալը` կարելի է գալ այն եզրակացության, որ սովորական քաղաքացին ապահովագրված չէ անտեղի տուգանվելուց:

• եթե նախկինում քաղաքացին վճարում էր «ստայանշիկին», ապա վերջինս գոնե իր ներկայությամբ բացառում էր մեքենայի հանդեպ ոտնձգությունները` միևնույն ժամանակ օգնելով անվտանգ կայանել և կայանատեղից դուրս գալ: Այս ամենի հետ մեկտեղ քաղաքացու վրա ժամ չէր դրվում, այսինքն` բացառված էր տուգանվելու տարբերակը:

• ինչ վերաբերում է Տրանսպորտի և կապի նախարարությանն ուղղված դժգոհությանը, ապա մարդիկ այն կարծիքին են, որ հասարակական տրանսպորտն աշխատում է 2001 թ. ընդունված հայեցակարգի համաձայն։ Մրցութային կերպով մասնավորներին գծեր տրամադրելու կարգը վաղուց էֆեկտիվ չի գործում: Համաձայն այդ կարգի` առկա են դեպքեր, երբ գծերը տրամադրվում են զուտ նախարության չինովնիկի անձնական շահադիտական նկատառումներով:

Հարգելի ընթերցողներ, դուք քաջ գիտակցում եք, որ սա դեռ դժգոհության ամբողջական պատկերը չէ: 

Նյութի աղբյուր՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել