Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը: Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին: Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները:

«Ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Ռուսական կողմն ակնկալում է, որ հետագայում Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները և իրենց աշխատակազմերը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել