Sputnik Armenia-ն գրում է.
«Սպուտնիկ V» պատվաստանյութի հիմնական առավելություններն են ցածր գինը, փոխադրման համար ծախսատար սառնարանների բացակայությունն ու արտադրության պարզ գործընթացը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա – Բիշքեկ — Երևան – Մինսկ — Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին։
Կրուգլիի խոսքով՝ «Սպուտնիկ V»–ն մի շարք չափանիշներով առաջ է անցել գլխավոր մրցակցից՝ Pfizer-ից։
«Պատվաստանյութի ամենամեծ առավելությունն այն է, որ դրա փոխադրման համար թանկարժեք սառնարանային սարքավորումներ չեն պահանջվում։ Դրա համար բավական է կենցաղային սառնարանը, որը պահպանում է + 2, + 8 ջերմաստիճանը: Հիմնական մրցակցի՝ Pfizer-ի տեղափոխման համար անհրաժեշտ է -70 աստիճան», - ասաց Կրուգլին։
Նա նշեց, որ նման ջերմաստիճանի պահպանման համար մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Կրուգլիի խոսքով՝ «Սպուտնիկ V»-ի մեկ չափաբաժինը 10 դոլար է արժենում, իսկ Pfizer-ինը՝ 30 դոլար։
«Սպուտնիկ V»-ի ևս մեկ առավելությունն է արտադրության պարզ գործընթացը։ Պատվաստուկը ստեղծվում է ադենովիրուսի հիման վրա, որն ավելի քան 60 տարի օգտագործվում է պատվաստանյութերի արտադրության մեջ ու շատ լավ ուսումնասիրված է: Pfizer-ի հիմքում բարդ գաղափար է դրված։
Ինչպե՞ս պատրաստվել պատվաստմանը
Կրուգլին նշել է, որ պատվաստումից առաջ առանձնապես պատրաստվել պետք չէ։ Պատվաստանյութը հակացուցված է երեխաների, հղի կանանց, աուտոիմունային հիվանդություններով (օրինակ ՝ ռևմատիզմով, - խմբ.) տառապող մարդկանց, ինչպես նաև լուրջ ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում, մասնավորապես՝ անաֆիլակտիկ շոկի ժամանակ:
«Նման դեպքերում պետք է զգուշորեն պատվաստվել։ Ցանկալի չէ դա անել հիվանդությունների սրման ֆոնին: Եվ ընդհանրապես պետք է պատվաստվել բժշկի զննումից հետո»,-ասել է Կրուգլին։
Նրա խոսքով՝ պատվաստումից մի քանի օր առաջ ու դրանից հետո չի կարելի ալկոհոլային խմիչքներ օգտագործել։ Նա նաև ընդգծեց, որ մինչ օրս պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չի արձանագրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: