Aravot.am-ը գրում է.
Շուռնուխցի ամուսիններ Գարեն Դալլաքյանն ու Անուշ Աթանեսյանը համարյա ամեն օր գյուղի հայկական տարածքից հեռադիտակով նայում են գյուղի ներքեւի հատվածում մնացած իրենց տանը, որը սահմանազատումից հետո մնացել է ադրբեջանցիների հսկողության ներքո։
«Տունը չվառեցինք, ոչ մի բան չքանդեցինք, խնձորենիները չկտրեցինք։ Մտածում եմ՝ գուցե էլի էդ տունը մերը դառնա»,– Aravot.am-ի հետ զրույցում ասում է տիկին Անուշը։ Չհասցրին բոլոր իրերը տեղափոխել, նկուղում որոշ բաներ մնացել են։ «Հիմա նկատում եմ, որ դրանք շուտ-շուտ նկուղս են մտնում, դուրս գալիս»,–ասում է Անուշ Աթանեսյանը։ Նրա պատմելով, սա տնից այլ տուն տեղափոխվել չէր, այլ ոնց որ «թալան–կոտորածից փախնեիք»։ 1994 թ․-ից են ապրում Շուռնուխում․ տարիների իրենց վաստակով տունը նորոգել էին, նոր գոմ էին կառուցել։ Բայց հաշված ժամերի ընթացքում թողեցին ու դուրս եկան, այն դեպքում, երբ ունեն սեփականության վկայական։ «Թող պետությունը չտար էդ վկայականը, եթե հողերը ուրիշի էր, խի տվեց։ Եթե 30 տարվա պատմություն ա, թող ասեին՝ Գարեն ջան, ապրի, բայց երբ որ ասենք պիտի դուրս գաս տնից։ Խի չասի՞ն, հիմա մեղավորներ են փնտրում»,–ասում է Գարեն Դալլաքյանը։Այժմ բարեկամի կիսաքանդ տանն են մնում, տանտերերը գյուղում չեն ապրում։ Անասունները հարեւանի գոմում են։ «Ասի մի քիչ գործ անեմ, դուռ–լուսամուտը պնդացնեմ, մինչեւ տեսնենք մեր վիճակը»,-ասում է Գարենը։
Տիկին Անուշի խոսքով, երկու օր առաջ Գորիսում էին։ Վերադառնալուց հակառակորդի զինվորներին տեսան կանգնած ճանապարհին՝ ադրբեջաներենով ցուցանակի տակ։ «Չեմ հասկանում՝ ի՞նչ ա անում Նիկոլը, բայց ինքս ինձ մտածեցի, բա որ սրանք մի օր քաղաքացիական շորերով մտնեն Գորիս կամ ուրիշ տեղ, հայերեն խոսելը կիմանան էլի, մտնեն դիվերսիա անեն, ջուրը թունավորեն, ո՞վ ա պատասխան տալու, կամ ո՞վ ա վերահսկում իրենց»,–ասում է Անուշը։ Մտածում է՝ նախկինի նման այլեւս չեն կարող կողք-կողքի ապրել հայն ու ադրբեջանցին։ «Էսքան ջահել տղու գլուխ կերան, տանջեցին՝ էդ վիդեոները որ տեսնում էինք, ո՞նց ապրեն, քանի տարի էլ ուզում է անցնի»,–նշում է Անուշը։ Գարեն Դալլաքյանն էլ մի հին հեքիաթ հիշեց։ Պալատում ապրում էր արքայի սերը վայելող գեղեցիկ մի օձ։ Օրերից մի օր օձը խայթում է թագավորի զավակին եւ սպանում նրան։ Թագավորը հասցնում է սրով կտրել օձի պոչը, որը փախչելիս է լինում պալատից։ Տարիներ անց թագավորը հանդիպում է օձին, խնդրում է հետ գալ պալատ, որպեսզի ապրեն միասին։ Օձը մերժում է՝ ասելով, որ չնայած տարիներ են անցել, բայց դու ինձ տեսնելիս զավակիդ ես հիշելու, կտրած պոչս տեսնելուց ես էլ քո արածն եմ հիշելու։ «Հիմա ոնց ապրենք միասին, դժվար կլինի, մի 2-3 սերունդ պիտի գոնե անցնի»,–մտածում է Գարենն ու անցնում գործի։ «Ցուրտ է, պիտի հասցնեմ , մինչեւ իրիկուն սաղ պնդացնեմ»,–ասում է նա։ Շուռնուխցի ամուսինները չցանկացան լուսանկարվել, համաձայնվեցին միայն տունը լուսանկարել։