News.am-ը գրում է․

Պարտություն կրած իշխանությունն ինչքան շուտ հեռանա, այնքան լայն հնարավորություններ կստեղծվեն պետության հետագա՝ թե՛ կառավարման, թե՛ պետության առջև ծառացած խնդիրներին օբյեկտիվ լուծումներ տալու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը։

«Արայիկ Հարությունյանն իր ուղերձում էլ հայտարարել է, որ առաջին իսկ հնարավոր պահին պատրաստ է հրաժարական տալ, բայց բոլորի համար առաջին իսկ հնարավոր պահը հասկանալի չէ, թե, ըստ իրեն, որն է։ Ըստ մեզ՝ պահը ոչ թե հասունացել է, այլ մի բան էլ անցել է։ Այս ընթացքում նա պետք է արդեն իսկ հրաժարական տված լիներ, ոչ թե առաջին հնարավոր պահին, արդեն հնարավոր է, եւ հնարավոր էր դա նոյեմբերի 10-ին»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Նշենք, որ Արցախի երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն եւ «Արդարություն» կուսակցությունը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դադարեցնելու մասնակցությունը կառավարության ձեւավորման հետագա գործընթացին:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանձնյա որոշումներով վարում է կադրային քաղաքականություն. «Դա նույն գործելաոճն է, ինչ մինչեւ պատերազմն էր։ Այսօրվա իշխանությունը չի գիտակցում այն ծանր բեռը, որ ծառացել է այս ժողովրդի առաջ։ Նրանք շարունակում են անձակենտրոն մոտեցումները պետականաշինության մեջ, որն անընդունելի է։ Մենք մտածում էինք, որ պատերազմից հետո գոնե Արայիկ Հարությունյանը կհասկանա, որ Արցախին պետք է ավելի բանիմաց եւ ավելի լայն շրջանակներ ներգրավող կառավարություն։ Լինելով կամակատար ներկայիս իշխանություններին՝ պատերազմը պարտվեցինք, եւ շարունակել մնալ կամակատար իշխանություն, դա անընդունելի է մեզ համար»։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականությանը՝ Գալստյանն օրինակ բերեց. «Հենց այսօր Ֆինանսների նախկին նախարարը, ում հունվարի 4-ին աշխատանքից ազատել է, օրենքի խախտմամբ թույլ են տալիս գնալ Հաշվեքննիչ պալատի նախագահ։ Օբեյկտիվության հարց է ծագում, այսինքն՝ եթե մարդն իր պաշտոնավարման տարիներին կազմել է բյուջե, վերցրել բյուջետային վարկեր, նա ինչպե՞ս կարող է օբյեկտիվ հաշվեքննություն անել՝ այդ միջոցները նպատակային են ծախսվել, թե՝ ոչ։ Նախարարներին աշխատանքից հեռացրեց, ոչ մեկ չի մնացել անգործ, բոլորը գնացել են կա՛մ Խորհրդական, կա՛մ հանձնակատար, կա՛մ դեսպան. նա չի հրաժարվում իր հին գործելաոճից։ Այսինքն՝ մենք մտածում էինք, որ պատերազմը ինչ-որ տեղ բեկում կմտցներ մարդկանց մտածելակերպում, բայց այսօր պետականությունը գործող իշխանության համար երկրորդ տեղում է, նրանք իրենց բարեկամների բարեկեցության մասին են մտածում»։

Խմբակցության նախագահը մատնանշելով հայ ռազմագերիների փոխանակման հարցը՝ շեշտեց, որ հարցը լուծում չի ստանում, քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն գերիների հարցը լուծել. «Եվ հնարավորություն չեն տալիս՝ գա այնպիսի մարդ, որն այդ հարցերը կկարգավորի։ Նույն այսօրվա սահմանների գծման հարցով ո՛չ Հայաստանի իշխանություններն են ներգրավված, ո՛չ Արցախից որեւէ մեկը։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր Ադրբեջանի հրահանգներով GPS-ը ձեռքին գնում ու կանգնում են սահմանին, ասում՝ սա իմն է. խաղաղապահներն էլ, եթե չկա մյուս կողմից առարկություն, ինչո՞ւ պետք է առարկեն դրան։ Այո, GPS-ը ցույց է տվել, բայց չկա հայկական կողմից ներկայացուցիչ, որ որպես պահանջատեր հանդես գա, որովհետեւ պարտված իշխանությունները չեն կարողանում խոսել, իրենք գլուխները կախ են եւ չեն էլ կարողանալու բարձրացնել։ Քանի որ այսօրվա ստեղծված իրավիճակում նրանք ոչ ադեկվատ, իրավիճակին ոչ համահունչ որոշումներ են կայացնում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել