168.am-ը գրում է.

Կրթության միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության բակում բողոքի ակցիա էին նախաձեռնել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական ու աշակերտական կազմի ներկայացուցիչները: Պատճառը հունիսի 22-ին դպրոցում կայացած տնօրենի ընտրությունն էր: Թափուր տեղի համար առաջադրվել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի մեկ այլ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը:

Հավաքվածների պնդմամբ՝ տնօրենի ընտրությանը մասնակցած Քարմիլե Առաքելյանը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել դիմում-հայտերի լրացման համար սահմանված  ժամկետի ավարտից կես ժամ առաջ, ու ընտրության ժամանակ էլ հավաքել է հանձնաժողովի 8 անդամից 4-ի ձայնը: Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Սողոմոնյանը վստահեցրեց՝ այդ 4 ձայնը հօգուտ Ք. Առաքելյանի են տվել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները, որոնք ներգրավված էին բոլոր դպրոցների խորհուրդների կազմում՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու համար:

Մրցույթում հավասար ձայներ հավաքելու դեպքում տնօրենի թեկնածուի ընտրության հարցը  որոշելու էր  ԿԳՄՍ նախարարը, և հենց բողոքի ակցիա իրականացնելով են փորձում նախարարին տեղեկացնել, որ դպրոցի նախկին տնօրենի ջանքերով դպրոցը ոտքի է կանգնել ու դպրոցում ապահովվել է հարգանքի մթնոլորտ:

«Նրա ոչ մի տվյալ մեզ չի հետաքրքրում, մենք դեմ ենք, որովհետև մեր գործող տնօրենը թոշակառո՞ւ է, ո՛չ, լավ գործ անո՞ւմ ա մեր դպրոցի համար, այո… Եթե մարդը ամեն ինչը անում է, շատ լավ ներկայացնում է, ո՞նց կարելի է նրան հանել, ասել՝ «գիտեք, եկեք սրան փորձենք»:

Եթե գործող տնօրենը ոչ մի թերություն չունի, ինչո՞ւ է վերջին րոպեին ինչ-որ մեկն ուզում ներխուժի մեր կոլեկտիվ: Ինչո՞ւ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի  Անահիտ Սողոմոնյանը:

Դպրոցի մեկ այլ ուսուցչուհի էլ  ասաց՝ տնօրենի մյուս թեկնածուն անգամ ուսուցչական կոլեկտիվի հետ չի զրուցում, չի բարևում, ու հույս հայտնեց, որ նախարարը կընդառաջի ողջ կոլեկտիվի խնդրանքին և թույլ կտա գործող տնօրենին շարունակել պաշտոնավարել:

«Եթե մի ամբողջական կոլեկտիվ է կանգնած ոտքի, եթե այս երկրում գործում է  արդարությունը, կարծում եմ՝ այո, և եթե այս պայքարը շարունակական լինի, ու, ես կարծում եմ, լինելու է, կարծում եմ՝ այո»,- ասաց դպրոցի ուսուցչուհին:

Հարցին՝ եթե նախարարը չընդառաջի, այդ  դեպքում ի՞նչ գործողությունների են դիմելու, ուսուցչուհին արձագանքեց.

«Ունենք դիմումները, որը մեր աշխատանքից հեռացման դիմումներն են… այսինքն՝ ինքը մտնելու է, փակ դռների առաջ է կանգնելու: Ինքը չի ունենալու ո՛չ մասնագետներ, ո՛չ աշակերտներ, որտե՞ղ է աշխատելու»:

Դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն էլ հայտնեց, որ, եթե 5 տարի դպրոցում պաշտոնավարած տնօրենը չշարունակի պաշտոնավարել, աշակերտները կանցնեն նաև դասադուլի:

«Մեր դպրոցում ամեն ինչ իդեալական է: Ընկեր Բաբայանն այդ 5 տարվա ժամկետում շատ մեծ աշխատանք է կատարել մեր դպրոցում: Եթե տեսնեք մեր դպրոցի նախկին նկարները՝ 5 տարի առաջվա, և հիմիկվա՝ ներկայիս դրության նկարները, կտեսնեք, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել մեր դպրոցում  շնորհիվ ընկեր Բաբայանի»,- ասաց դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Սոսե Ստեփանյանը:

Հավաքվածները հրաժարվեցին դիմումը փոխանցել  նախարարություն,  նրանք սպասում էին հանդիպման անձամբ նախարարի հետ: 15:45-ի սահմաններում ԿԳՄՍ նախարարության բակում հավաքված Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական և աշակերտական համայնքների ներկայացուցիչները դեռ հույսով սպասում էին, որ նախարարն իրենց կընդունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել