Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Երեկ՝ հունվարի 24-ին՝ որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է:

Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը, և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կա՛մ սպանվել են, կա՛մ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիսի ուղղությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել