Հոգեբանական գիտ.թեկնածու,դոցնետ

Թերևս, խորհրդային ժամանակաշրջանում կոմունիստական գաղափարախոսությունը խստաշունչ արգելք էր դնում մարդու ինտիմ կյանքը բարձրաձայնելու առջև: Մարդը պատկերվում էր որպես սեռականությունից զուրկ իդեալական անձ, սրբապատկեր, որին նա պետք է հասներ: Դա էր մարդու վերստեղծման կոմունիստական գաղափարախոսությունը: Այդ ժամանակաշրջանում առաջին շարքում էր կանգնած գրաքննությունը, որը կատարում էր ֆիլտրման դեր: Նմանատիպ արգելքի դեր էր տանում նաև պուրիտանական եկեղեցին` հարյուրամյակների ընթացքում, թերևս դա էր պատճառը, որ այդ արգելքները հակառակ էֆեկտ էին տալիս և շեղում էին մարդկանց դեպի կրքերի դրսևորման անցանկալի ուղիները` սպանություն, ինքնասպանություն, հանցանքի այլ դրսևորումներ և այլն: Դեռևս հազարամյակների ընթացքում արևելքում և արևմուտքում առկա է եղել պոռնոգրաֆիական մշակույթ, ստեղծվել է գրականություն և այլն:
Այսօր մենք հայտվել ենք հակառակ ծայրահեղության մեջ: Դեմոկրատիան և ազատականությունը, ինչպես երևում է, ստեղծել է մի այլ ծայրահեղ իրավիճակ: Անբարո վարքը որոշ երկրներում խստաշունչ արգելքների չի հանդիպում, չնայած նրան, որ ներկայումս էլ եկեղեցին շարունակում է մնալ իր դիրքերում: Սեռականության այլանդակ դրսևորումների և ձևերի նկատմամբ տիրում է բարձիթողություն և բացարձակ ազատականություն: Եթե նախկինում դա կրել է քողարկված բնույթ` կապված խիստ վերահսկողության հետ, ապա այժմ այն արվում է բացահայտ կերպով: Դրան են նպաստում հատկապես զանգվածային լրատվամիջոցները` դեղին մամուլը, հեռուստատեսությունը և մասնավորապես համացանցը, որում լայն ծավալով տարածվել են պոռնոկայքերը: Այս պարագայում, պատկերը դառնում է նույնը. հանցագործությունների թիվը, եթե ոչ նույնն է մնում նախկին արգելքների առկայության պայմանների համեմատ, ապա կարելի է ասել, որ գնալով ավելանում է: Ըստ էության, արգելքն ու բարձիթողությունը նույն իրավիճակին են հանգեցնում:
Ինչպես արդեն վերը նշվեց, սեռականության այլասերվածության վերաբերյալ ինֆորմացիոն հոսքը բնականաբար այօր անհնար է կանգնեցնել: Դրանց ծանոթանում են երեխաները, անչափահասները, դեռահասները, պատանիները, մեծահասակները և այլն: Իհարկե մենք գիտենք, որ այս պարագայում ամենախոցելի սոցիալական շերտը համարվում է աճող սերունդը: Իհարկե, պետք է հատուկ շեշտել որ դրանք ազդում են ընտանիքի հոգեվիճակի վրա, ամուսինների համատեղ կյանքն է քայքայվում: Էլ չենք ասում, որ ամբողջ պոռնոկայքերն ու դեղին մամուլը ողողված են հենց այդ սեռական այլանդակ թեմաներով, այսինքն սեռականությունը ներկայացվում է չափազանց գռեհիկ, աղավաղված, խեղաթյուրված ձևով: Դա նկատելի է նաև մերօրյա գրականության մեջ: Պարզ է, որ այդ գրականությունը արգելված չէ դեռահասների և պատանիների համար: Այս ամենն անհետևանք չի մնում: Պոռնոկայքերը հեշտությամբ գայթակղում են մարդկանց և գցում իրենց թակարդը: Այսպես առաջանում է կախվածություն, որը կարող է առաջ բերել վարքագծային որոշ շեղումներ` ագրեսիվություն, հեգեկան անհավասարակշռություն, ինչպես նաև հնարավոր է տագնապայնություն, մղձավանջային երազներ, ցնորքներ և այլն: Մարդը կտրվում է իրականությունից, շրջապատող միջավայրից և դրանով իսկ անհատը կորցնում է վստահությունը բարոյականության հանդեպ, մարդկանց բարեկրթության, ինչպես նաև աշխարհի հետ շփման նկատմամբ: 
Ինչպես տեսնում ենք, գիտատեխնիկական առաջընթացը` կոմպյուտերիզացիան, հեռուստատեսությունը, ինֆորմացիայի սրընթաց հոսքը իրենց հետ բացի դրական միտումներից բերում են նաև վերը նշված անցանկալի հետևանքների, որոնք կարող են խաթարել մարդու հոգեկան առողջությունը: Մյուս կողմից, մեզանում ստեղծված այս նոր իրավիճակը, հարկադրում է վերանայել դաստիարակության հոգեբանության սկզբունքները: Ինքնին հասկանալի է, դրանք անխուսափելի են և այդ բացասական հոսքը կարող է շատանալ, այնուամենայնիվ հարկավոր է, որ այս անցանկալի ինֆորմացիայի դեմն առնել նոր գաղափարախոսությամբ: Սրանում անմասն չպետք է մնա նաև արվեստն ու գրականությունը, որոնք պետք է իրենց վեպերում, պատումներում, հեռուստաբեմականացումներում, հաղորդումներում կարողանան բացահայտել մարդկայինը մարդու մեջ, այլ ոչ թե մնան կենդանական ստորին բնազդային հույզերի, ագրեսիայի, մարդկային տեսակի ոչնչացման նկարագրությունների մակարդակում: Դրանցում պետք է արտացոլվի մարդու վեհանձնությանը հարիր բարձրագուն զգացմունքը` սերը, որը բնորոշ է մարդկային հասարակության մշակույթի զարգացմանը: Ժամանակակից գրականության մեջ, որը հետևում է, այսպես կոչված, <<նորաձևությանը>>, գրականության նոր ձևերին, մարդն այնտեղ նկարագրվում է ստորին, կենդանական բնազդային, գռեհիկ սեռականության, պոռնոգրաֆիկ տարրերով: Արդյոք մարդը չի կորցնում իր մարդկային կերպարանքը: Իհարկե, այս ամենը մեզանում նոր իրողություն է, որը մեզ ստիպում է վերանայել նոր գրականությունը և ըմբռնել, հասկանալ, թե մարդն իր մշակույթով ինչ ուղիներով է ընթանում: Մենք չպետք է նաև մոռանանք, որ աճող սերնդի դաստիարակության պատասխանատվությունը մեծապես պայմանավորված է ներկայիս ստեղծված լրատվամիջոցներով, համացանցային կայքերով: 
Այսպիսով, ամփոփելով, պետք է նախաձեռնել հետևյալ միջոցառումները.
1. Վերանայել հասարակության մանկավարժա-հոգեբանական սկզբունքները
2. Վեր հանել մարդկային անհատի ախտահարված հոգեբանական առանձնահատկությունները
3. Լրջագույն ձևով վերափոխել գրականության և արվեստի, մշակութային մարդու կերպարը (առողջ ապրելակերպի տեսական հիմունքների մշակում) 
4. Գռեհիկ պոռնոկայքերում ներկայացվող այդ սեռականությունը պետք է հակակշռել բարձր էրոտիկ նյութերով, սյուժեներով, որտեղ ամեն բան թույլատրելիի սահմաններում է ի տարբերություն պոռնոգրաֆիայի և որն էլ կարող է դաստիարակել բարձր գեղագիտական ճաշակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել