Tert.am-ը գրում է.

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության դեպքում վտանգ միանշանակ կա, չի կարող վտանգ չլինել, երբ այդ երկու պետություններն էլ թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ։ Թե այդ վտանգը ինչպես և որ պահին կդրսևորվի, դժվար է այս պահին հստակ ասել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են պատերազմից կարճ ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում համատեղ զորավարժություններ անցկացնել։

Նրա խոսքով՝ այդ երկու երկրների համատեղ ցանկացած ռազմական, ռազմատեխնիկական գործողություն առհասարակ չի կարող ՀՀ-ին չվերաբերել։

«Այդ երկու երկրները առնվազն 2014-ից յուրաքանչյուր տարի համատեղ վարժանքներ են իրականացնում։ Կարող է լինել մի կարծիք, որ որևէ նոր բան չկա զորավարժությունների մեջ, բայց հենց այդ նույն կարծիքն էլ կարող է բերել հաջորդ պնդմանը, որ պատերազմի արդյունքները, պատերազմից հետո իրականացվող զարգացումները առայժմ որևէ փոփոխություն չեն մտցրել թուրք-ադրբեջանական ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության և ագրեսիվ հռետորաբանության հարցում։ Այսինքն՝ ինչպես պատերազմից առաջ էին մի քանի տարի համատեղ վարժանքներ իրականացնում, այնպես էլ պատերազմից հետո որևէ երևացող կանխատրամադրվածություն, մտադրություն չկա նրանց կողմից, որ պատրաստվում են թուլացնել կամ դադարեցնել իրենց ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասաց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ չնայած նաև ռուսական կողմի հայտարարություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է հետագա բանակցություններից, այդ թվում՝ որևէ ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցը քննարկելուց։ «Խնդիրն այն է, թե որքանով է Ադրբեջանի նախատեսվող քաղաքականությունը համապատասխանում իր ներկայիս հռետորաբանությանը։ Առնվազն, եթե այդպես հայտարարում է, իր համար դաշտ է ստեղծում։ Կարծում եմ, որ եթե արտաքին գործոնները լուրջ ազդեցություն չունենան, ապա հեշտ չի լինելու Ադրբեջանի հետ առաջիկա տարիներին հարաբերվել, որովհետև վերջինիս ղեկավարությունը շարունակելու է իր ագրեսիվ քայլերն ու հռետորաբանությունը»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել