Աշոցքում անցկացվել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը: Հայտավորված էր 34 մարզիկ-մարզուհի (22 տղամարդ, 12 կին): Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Դասական և ազատ ոճերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մրցել են 10 կմ , իսկ գեղեցիկ սեռինը՝ 5 կմ դահուկուղիներում: Նրանք ներկայացնում էին Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի տարածաշրջանները:

Առավել հաջող հանդես եկան տանտերերը: Մրցանակային եռյակներում տեղ գտան հաջորդաբար Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և գյումրեցի   Նելլի Խաչատրյանը:

ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի դարձյալ Աշոցքում ՝ փետրվարի 14-ին:

Տղամարդկանց առաջատար Միքայել Միքայելյանը կմասնակցի փետրվարի 10- ին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նրան այնուհետև կմիանան Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը ու մեր եռյակը հանդես կգա Չեխիայում փետրվարի 23-ին սկսվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մրցումների շարքը կշարունակվի. կհաջորդեն Գերմանիայում և Շվեդիայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության փուլերը, որոնցում կպայքարեն Հայաստանի վեց դահուկորդներ . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել