168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկացի պահեստային Թիմոթի Լուի Հեյլ-Կուզանելլիին, որը երկրի ռազմածովային բազայի գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ունի, մեղադրանք են առաջադրել Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին նրա ենթադրվող մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը: Դատական փաստաթղթերում նշվում է, որ նա Նյու Ջերսիի նահանգի Քոլթս-Նեկի շրջանի ռազմածովային բազայում աշխատում է որպես կապալառու եւ հնարավորություն ունի օգտվել տեղեկատվությունից:

Դաշնային իշխանությունների խոսքով, նա նաեւ ԱՄՆ-ի բանակի պահեստային է: Կասկածյալն ամեն ինչ խոստովանել է իրազեկիչին, որը տեղեկությունները փոխանցել է իրավապահներին: Հեյլ-Կուզանելլին խոստովանել է, որ մասնակցել է Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգություններին, ինչպես նաեւ ցույց է տվել մի տեսագրություն, որտեղ պատկերված է, որ ինքը գտնվում է շենքի ներսում: Իրազեկիչի տվյալներով՝ Հեյլ-Կուզանելլին «սպիտակ ռասայի գերազանցության մասին տեսության բացահայտ կողմնակից է, ինչպես նաեւ պաշտպանում է նացիստական հայացքները»:

Հաղորդվում է, որ հունվարի 14-ին իրազեկիչը զրուցել է կասկածյալի հետ եւ կարողացել է խոսակցությունը ձայնագրել. Հեյլ-Կուզանելլին «խմբի մյուս անդամներին «հարձակման» է դրդել՝ «ձայնով եւ ձեռքերով ազդանշաններ» տալով: Նյու Ջերսիում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչը հաղորդել է, որ այդ մարդուն հունվարի 15-ին ձերբակալել են ՀԴԲ-ի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայության գործակալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել